Ներդրում է պետք. «деньги не пахнут»

timthumb

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի տարեվերջյան ասուլիսի մեխը, որքան էլ որ զարմանալի է, ոչ թե տարվա ընթացքում ոլորտում գրանցած հաջողությունները և ձախողումները, այլ Հայաստանում կատարվող ներդրումների, դրանց ծագման մասին ակնարկներն էին, որոնք բավականին տհաճ վիճակ ստեղծեցին  նախարարի համար: Լրագրողներից մեկի հարցը վերաբերվում էր Ռուբեն Թաթուլյանին, ով ավելի հայտնի է Ռոբսոն մականունով, նրա՝ օրենքով գողերի հետ ունեցած կապերին, վարչապետ Կարապետյանի ստեղծած Ներդրողների ակումբի կազմում  քրեաօլիգարխիայի ներկայացուցիչների առկայությանն ու նրանց կեղտոտ փողերին, ինչն էլ, ըստ լրագրողի, վնասում է Հայաստանի միջազգային վարկանիշին: Հիշեցնենք, որ Ռուբեն Թաթուլյանն ու հայազգի այլ գործարարներ Հայաստանի ներդրողների ակումբի միջոցով պատրաստվում են 150-180 մլն դոլար ներդրում անել «Շնող» ՀԷԿ-ի կառուցման համար: Ըստ Մինասյանի՝ քանի դեռ երկիրը ներդրումների առումով բաց է և հնարավորություն է տալիս շատ միջոցներ ներգրավել, դրանք պետք է իրականացվեն օրենքների պահանջներին համապատասխան:
Մինասյանի հետ այստեղ չես վիճի: Կարո՞ղ է արդյոք որևէ մեկը պնդել, որ Հայաստանի տնտեսությունը այսօր այն մակարդակում է, երբ մենք կարող ենք մեզ ճոխություն թույլ տալ և իբրև ներդրում ներգրավել միայն մաքուր փողեր: Իհարկե՝ ոչ: Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, շրջափակումը, տնտեսության լճացումը, կառավարությանը ստիպում են լուծումներ գտնել, և եթե նման պայմաններում հայտնվում է մեկը, ով ցանկանում է գումար բերել Հայաստան, եթե այդ գումարի շնորհիվ Հայաստանը կկարողանա դուրս գալ առկա ճգնաժամից կամ էլ դա էական ազդեցություն կունենա հանրապետության տնտեսական զարգացման վրա, ապա ի՞նչ տարբերություն՝ ովքեր են բերում այդ փողը և ինչպիսին է դրա ծագումը: Սա իրավիճակ է, որը ոչ մի արդարացում չի կարող ունենալ զարգացած տնտեսության պարագայում: Սակայն հայաստանյան իրականության մեջ այն թելադրված է մեր տնտեսությունում առկա օբյեկտիվ իրավիճակից, երբ անգամ բյուջեն համալրելը կառավարությունից ջանքերի մեծագույն լարում է պահանջում: Որպես պետություն՝ Հայաստանի համար կարեւոր է երկու բան՝ որպեսզի Հայաստանի տնտեսությունը չդառնա փողի «լվացքի մեքենա», եւ որպեսզի Հայաստանում կատարվող ներդրումները, հատելով Հայաստանի սահմանը, լիովին ենթակա լինեն Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին: Թե ինչպիսի մականուն ունեն այդ փողերի տերերը, ինչպիսի կյանքով են ապրում Հայաստանից դուրս, խոշոր հաշվով՝ այն երկրների խնդիրներն են, որտեղ նրանք ապրում են: Կարեւորը, որ Հայաստանը չդառնա այդ խնդիրների, այսպես ասած, «թաքստոց», «ապաստարան» կամ առավել եւս՝ «ինկուբատոր»:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *