«Նիկոլ Փաշինյանն էս հեղափոխությունն արեց ու ասաց, որ հանգիստ ինչ ուզում ենք՝ անենք»

timthumb (5)

Երևանում փողոցային առևտրի հարցն ինչպես կար, այդպես էլ մնացել է օրակարգային: Մարդիկ շարունակում են փողոցում ազատ վաճառել միրգ, բանջարեղեն, միս, պանիր, թարմ և ապխտած ձկնեղեն: 

Նշենք, որ վաճառականների մեծ մասը վերավաճառողներ են և փողոցում  առևտուր անելը բացատրում են շուկաներ չլինելու կամ եղածի դեպքում էլ՝ բարձր հարկերով: Սակայն հավելենք, որ շուկաների հարկերից բողոքող փողոցային առևտրականները ստվերային համագործակցության մեջ են մտնում ոստիկանների հետ: Այս մասին ասել է նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: Վաճառականներն իրենց քայլը կապում են նաև Նիկոլ Փաշինյանի հետ, ասելով, թե նա է թույլ տվել, որ ազատ վաճառեն ապրանքը:

Վաճառականներից՝ Անահիտը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում բացատրեց, որ անցորդներից շատերին դրսում դրված սնունդն ավելի շատ է հետաքրքրում. նախըտրում են արագ գնել ցանկացած ապրանքն ու ժամանակ չվատնել խանութներում: «Շուկայում փորձել եմ աշխատել, բայց մարդ չի գալիս, շուկայում առևտուրը շատ չէ, տեսնում եմ, որ փողոցից մարդիկ ավելի լավ են ապրանքը գնում ու մտածում եմ՝ ինչի՞ շուկայում հարկ տամ, եթե կարող եմ փողոցում վաճառել ապրանքս ու ավելի լավ»,-մանրամասնեց վաճառականը:

Մեր այն  ճշտող հարցին, թե իրավապահները չե՞ն անհանգստացնում, քանի որ օրենքով արգելված է փողոցային առևտուրը, վնասակար ազդեցության մասին էլ՝ չասած, մեր զրուցակիցը նշեց, որ գալիս են ոստիկաններն ու հորդորում մաքրել ապրանքը մայթերից. «Բայց դե, իրենց լսողն ո՞վ է, վաճառել եմ ու վաճառելու եմ, Նիկոլ Փաշինյանն էս հեղափոխությունն արեց ու ասաց, որ հանգիստ ինչ ուզում ենք անենք, էլ արգելողն ո՞վ ա»: 

Սննդի անվտանգության տեսանկյունից իրապես մեծ խնդիր են առաջացնում փողոցում վաճառվող տարատեսակ ապրանքները: Այս մասին բազմիցս խոսում են մասնագետները: Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը  ԼՈՒՐԵՐ.com-ի զրույցում ընդգծեց, որ սննդամթերքը բաց վիճակում և նամանավանդ՝ փողոցային պայմաններում պահելն անընդունելի է:

«Վաճառվող թարմ ձկները, կաթնեղենը, չլվացվող բանջարեղենը և նմանատիպ այլ բաները շատ վատ են անդրադառնում մարդու առողջության վրա, քանի որ մեքենաների արտանետումներն ու ոտքի հետ շարժվող կեղտը բերում են սննդային թունավորման, ինչպես նաև վտանգավոր են օգտագործման համար»,նշեց Ռուբեն Հայթյանը:

Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահը հորդորեց, որ պետք է կատեգորիկ արգելել փողոցային առևտուրը, այդպիսով նվազեցնելով հիվանդության և վիրուսների տարածման ռիսկերը:

Հավելենք, որ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադառնալով փողոցային առևտրի թեմային շեշտել է, որ առաջիկայում փողոցային առևտուր չի լինելու, մայթերը ազատ են լինելու, իսկ առևտրի համար հատուկ կետեր են պատրաստելու, որպեսզի  խնդրին տրվի ճիշտ լուծում: 

Արմինե Միքայելյան 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *