Նոր գործիք՝ Սերժ Սարգսյանի ձեռքում

timthumb (1)

Վերջին շրջանում նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծված ուշադրություն է դարձնում նորաստեղծ Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին: Հարց է առաջանում՝ ի՞նչն է պատճառը, և ո՞րն է այդ հանձնաժողովի դերը Սերժ Սարգսյանի՝ 2018-ի ծրագրերում:
Հայաստանում հանձնաժողովները, սովորաբար, ստեղծվում կամ «բարեփոխվում» են երկու նպատակով՝ կա՛մ խնդիրները «մեռցնելու», կա՛մ՝ ներիշխանական վերադասավորումներում որպես գործիք օգտագործելու համար: Այս տեսակետից, Կոռուպցիայի դեմ պայքարի՝ տարբեր տարիների ու տարբեր անվանումներով հանձնաժողովների խնդիրը եղել է մեկը՝ պահպանել օլիգարխիկ համակարգի սեփականության ու շահերի անձեռնմխելիությունը:
Հիշեցնենք, որ 2015 թվականին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվել էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը գլխավորում էր ինքը` վարչապետը: Դիտորդների կարծիքով՝ խորհուրդը, ինչպես նաև նախկինում ստեղծված համանման կառույցները, չեն գործել հայտարարված նպատակին համաձայն և առավելապես ցուցադրական բնույթ են կրել:
Որպես ապացույց նշվում էր խորհրդի անհամարժեք արձագանքը կոռուպցիայի վերաբերյալ մամուլի հաղորդումներին, ինչպես նաև այն փաստը, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված էին անձինք, որոնց առնչությունը կոռուպցիայի հետ ստուգելու անհրաժեշտություն կա, խոսքը վերաբերում է նաև Հայաստանի կառավարության նախկին ղեկավարին:
Գաղտնիք չէ, որ, մասնավորապես, ԱՄՆ-ն փորձում է աջակցել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին եւ դրա համար նույնիսկ ֆինանսական միջոցներ է տրամադրել:
ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ Հայաստանում ներդրումներ կարող են լինել միայն այն պարագայում, երբ արդյունավետ պայքար տարվի կոռուպցիոն երեւույթների դեմ: Բայց իշխանությունները այս հարցում չեն պատրաստվում հրաժարվել արդեն կաստայացած գործելաոճից: Մասնավորապես, «կոռուպցիայի դեմ պայքարի» շրջանակում ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք, ըստ էության, ուղղված են կապիտալի ու սեփականության համաներմանը եւ օրինականացմանը նրանց համար, ովքեր ընդունել են խաղի կանոնները: Օրինակ՝ Ապօրինի հարստացումը քրեականացնելու վերաբերյալ օրենքը, կոռուպցիայի դեմ հայտարարված «պայքարի» շրջանակներում: Օրենքն ուժի մեջ է մտել 2017 թ. հուլիսի 1-ից եւ հետադարձ ուժ չի ունենալու:
Փորձագետներն օրենքը գնահատել են Հայաստանի իշխող կոռումպացված տնտեսա-քաղաքական համակարգի տրանսֆորմացիայի համատեքստում: Օրենքով փորձ է արվում լեգալացնել պաշտոնյաների հարստացումը եւ սեփականությունը, որը ձեռք է բերվել համակարգային կոռուպցիայի արդյունքում: Իսկ հայկական տնտեսա-քաղաքական համակարգը բիզնեսի ու իշխանության սերտաճումն է՝ տնտեսության քվոտավորման ու արտոնությունների բազայի վրա:
 Շատ կարևոր է հասկանալ օլիգարխիկ համակարգի էությունն՝ իրար ուտողները գալիս են համաձայնության մի պահի և հասկանում, որ ուրիշինը խլելու, իրենցը պահպանելու համար պետական ռեսուրսներ պետք է վերցնեն:
Չի կարելի հույսեր կապել, թե քանի դեռ կռվում են իրար հետ, դա կբերի համակարգը վերացնելուն:
Ո՛չ, դրա համար էլ ստեղծվում է այդ համակարգի պայմանագիրը: Դա անօրինականության օրինականացումն է, որի էությունը ոլորտների բաժանումն է ճիշտ այնպես, ինչպես քրեական աշխարհում: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խնդիրը լինելու է նոր կանոնների ու «անվերահսկելի հարստացման» պարեկությունը՝ համակարգը վերահսկելի պահելու համար: Դա է պատճառը, որ հանձնաժողովի «վերահսկիչ փաթեթը» չվստահվեց ընդդիմությանը:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *