Նոր ինտրիգ ապրիլին ընդառաջ

timthumb

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին՝ վարչապետն անդրադարձավ բենզինի, գազի և դիզվառելիքի գների բարձրացմանը, պնդելով՝ այդ 3 ապրանքատեսակների թանկացումը գնագոյացման վրա չի ազդել, քանի որ բենզինով փոխադրումներ չեն կատարվում, Հայաստանի ավտոտրանսպորտի 75 տոկոսն օգտվում է գազից, գազի թանկացումն էլ լավ չէ, բայց նորություն չէ մեր քաղաքացիների համար, քանի որ 2 տարի առաջ էլ նույն գներն էին:
Դաշնակցական պատգամավորը մեկ այլ հարց ուղղեց՝ արդյո՞ք վառելքի գների աճի պատճառն այն չէ, որ այդ ապրանքատեսակների ներկրմամբ զբաղվում է ընդամանը 3 ընկերություն, որոնք, ի դեպ, զբաղվում են նաև մանրածախ վաճառքով: Կյուրեղյանը շարունակեց՝ ինչո՞ւ չեն փորձում ընդլայնել շուկան, թույլ տալով Հայաստան մուտք գործել նաև այլ ընկերությունների, օրինակ՝ «Բրիթիշ Պետրոլիում»-ին: Շատ հետաքրքիր է, թե ինչից է դաշնակցական պատգամավորը ենթադրել, որ բրիտանական ընկերությունը ցանկանում է մուտք գործել Հայաստան:
Հայաստանում «Բրիթիշ Պետրոլիում»-ի մասին սկսեցին խոսել վերջերս՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի՝ այս ընկերության հետ ունեցած բիզնես կապերի համատեքստում: Մյուս կողմից, Հայաստանում Սարգսյանի անցկացրած հանդիպումները վկայեցին, որ նրա առաջադրումից ամենաոգևորվածը ՀՅԴ-ն է: Մամուլում անգամ հրապարակումներ եղան Սարգսյանի և Հրայր Մարուխյանի բարեկամական կապի մասին: Հրայր Մարուխյանն էլ է իր բաժին ներդրումն ունեցել երիտասարդ Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարան տեղափոխվելու հարցում: Այստեղից էլ ի հայտ է եկել ՀՅԴ- Արմեն Սարգսյան փոխադարձ քաղաքական համակրանքը:
Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ 2009 թվականին ստեղծված «Երեւան՝ իմ սեր» հիմնադրամի հոգաբարձուների ցանկում Էր Ռոբերտ Դալին «Բրիթիշ Պետրոլիում»-ի տնօրենը: Լրատվամիջոցները բազմիցս գրել են Ղազախստանի նախագահի դստեր՝ Դարիգա Նազարբաեւայի մասնակցությամբ գործարքի մասին, որի շնորհիվ կազմակերպվեց ղազախական գազի մատակարարումը Հայաստան: Սարգսյանը նաեւ Ղազախստանում «Բրիթիշ փեթրոլ» ընկերության ներկայացուցիչն է: Ի դեպ՝ Արմեն Սարգսյանի մասին դեռևս 2013 թվականին ծավալուն հոդված էր հրապարակել ռուսական «Компания» շաբաթաթերթը, որտեղ մանրամասն վերլուծվել է Սարգսյանի քաղաքական-տնտեսական հետաքրքրությունների կծիկը:
Արդյո՞ք դաշնակցական պատգամավորի հարցադրման տողատակում առկա էր Արմեն Սարգսյանի բիզնես շահը: Եթե այո, ապա որոշակի հստակեցում է ստանում Սերժ Սարգսյանի նախագծած սցենարը: Բանն այն է, որ անգամ որևէ նոր ստատուս-քվոյի դեպքում՝ ակնհայտ է, որ գերակա դիրքում հայտնվողը դարձյալ լինելու է կապիտալը: Ապրիլից հետո Սերժ Սարգսյանը խաղալու է ոչ թե իր և Կարեն Կարապետյանի, այլ Արմեն Սարգսյանի և Կարապետյանի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ նրանց թիկունքում կանգնած կապիտալի հակասությունների վրա՝ գործի դնելով զսպումների և հակակշիռների մեխանիզմը՝ իրեն վերապահելով քաղաքական արբիտրի դերը: Արմեն Սարգսյանի հետևում կանգնած է մեծահարուստ Վաչե Մանուկյանը, իսկ Կարապետյանի թիկունքում՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Կարեն Կարապետյանի ամենամեծ «կռիշը», հեղինակության նշաձողը «Գազպրոմ»-ի նախագահ Միլլերն է, Սարգսյանինը՝ արքայազն Չարլզը և «Բրիթիշ Պետրոլիում»-ը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը մանևրելու հնարավորություն է ստանում նաև արտաքին քաղաքականության հարցերում:
Ստելլա Խաչատրյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *