Նոր խորհրդարան. մտքի տիտանների՞, թե՞ «տոհմացեղայինների» պայքար

timthumb

Խորհրդարանում արդեն երկրորդ օրն է, ինչ կրքերը եռում են: Այսօր քվեարկության դրվեցին երեկ քննարկված մի շարք օրենքներ: Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Իսկ երբ հայտարարվեց Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի քվեարկությունը, «Ելք»-ը նորից 20 րոպե ընդմիջում հայտարարեց: Ըստ երեւույթին, Փաշինյանը հույս ուներ, որ այսքան ընդմիջումների «չդիմանալով»՝ ՀՀԿ-ականները սովորության համաձայն կլքեն ԱԺ-ն ու չեն մասնակցի քվեարկությանը, իսկ քանի որ սահմանադրական օրենքներ են քվեարկվում, մեկ ձայնն էլ կարեւոր է, ծայրը ծայրին ՀՀԿ-ն հասցնում է 63-64 ձայն ապահովել: Սակայն առայժմ «Ելք»-ին չի հաջողվում տապալել օրենքները, ՀՀԿ պատգամավորները 20 րոպեն մեկ գալիս են քվեարկությանը:

Ինչ խոսք, նման իրավիճակը գուցե և սովորական է խորհրդարանի համար, ցանկացած երկրում կարող են լինել նման նիստեր, որտեղ իշխանություն-ընդդիմություն «միս կրծոցին» բավական սուր երանգ է ստանում, սակայն  հայկական իրականության մեջ այս պատկերը արդեն իսկ դարձել է քաղաքական ձեռագիր: ԱԺ-ն վերածվել է մի կառույցի, որտեղ իսպառ բացակայում են գաղափարական բախումները, փոխարենը՝ գրեթե յուրաքանչյուր նիստի ականատես ենք լինում անձնական հարթության մեջ հարաբերություններ պարզելուն, անձնական պիտակումներին, որակումներին և վիրավորանքներին:

Դժվար է նույնիսկ հիշել, թե վերջին անգամ ԱԺ պատերից ներս երբ է կառուցողական բանավեճ ընթացել երկրի կարևորագույն, առանցքային խնդիրների շուրջ: ԱԺ-ում ներկայացված ուժերը ի՞նչ քաղաքական օրակարգ են առաջարկել հանրությանը, բացի «քուչի բազառներից» և թամաշաներից, որոնցից հասարակությունը կշտացել է: Խորհրդարանը չի ներկայացնում ժողովրդի մեծամասնության կարծիքը՝ դա արդեն իսկ հայաստանյան քաղաքական կյանքի աքսիոմն է: Եվ եթե հիմա, կառավարման ներկա համակարգում, ԱԺ-ում տեղի ունեցող ժամավաճառությունը ընդամենը նողկանք է առաջացնում և ստիպում է վերջնականապես հիասթափվել քաղաքական դաշտ կոչվածից, ապա պատկերացրեք ինչ է մեզ բոլորիս սպասվում 2018-ից հետո, երբ այս որակը և մակարդակը գեներացվելու և վերածվելու է երկրի թիվ մեկ քաղաքական կառույցի:

Միամտություն կլինի ենթադրել, որ 2018-ից հետո կտրուկ որակական և բովանդակային փոփոխություններ են լինելու; Հատկապես, երբ քաղաքական դաշտի լճացումը օր-օրի ավելի ակնհայտ է դառնում: Եվ հիմա հարց է առաջանում, արդյո՞ք չշտապեցինք խորհրդարանական կառվարման համակարգին անցնելու: Մի պարագայում, երբ անգամ կայացած կուսակցական համակարգ չենք հասցրել ձևավորել, իսկ խորհրդարանը մեծածախ առևտրի կետ է հիշեցնում: Ակնհայտ է, որ շտապել ենք: ԱԺ վերջին քառօրյան դրա ամենավառ ապացույցն է, երբ քաղաքային շուկայի մակարդակի կառույցին կվերապահվի առանցքային հարցերի շուրջ որոշումներ կայացնելու մանդատը, ապա դա լրջագույն սպառնալիք է դառնալու ողջ պետականության համար:

 

Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *