Նոր կարգ՝ այլընտրանքային ծառայությունն ընտրողների համար

timthumb

Կառավարության հոկտեմբերի 12-ի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գործադիրի հավանությանը կներկայացնի «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ըստ առաջարկվոող  փոփոխությունների՝ նախատեսվում է վերանայել ՀՀ Նախագահի իրավասություններին վերաբերող դրույթներն, այլ օրենքներին հղումների հետ կապված օրենքի մի շարք դրույթներ հստակեցնել, քանի որ նախարարության կողմից նախատեսվում է գործող «Զինվորական ծառայություն անցնելու մասին», «Զինապարտության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներով կարգավորվող հարաբերությունները միավորել մեկ օրենքում:

Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն կարգավորել նաև այլընտրանքային աշխատանքային ծառայողներին ծառայությունից արձակելու դեպքերը և կարգը, այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնող և հանձնաժողովի որոշումները դատական կարգով բողոքարկելիս հանձնաժողովի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի սահմանման կարգը, ինչպես նաև այլընտրանքային աշխատանքային ծառայողների մասով օրենքով չկարգավորված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

Նշենք, որ ըստ գործող օրենքի, այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում: Այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը: Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը: Այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *