Նոր հանք Սևանում՝ հանուն ՀՀԿ-ականի բիզնեսի

timthumb

«Ակվեստ» ընկերությունը մտադիր է Սեւանի ավազանում՝ Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի տարածքում, դոլոմիտային մարմարի հանք շահագործել: Ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նախագիծ է ներկայացրել Բնապահպանության, ինչպես նաեւ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություններ: Արդեն երկու անգամ Շողակաթ համայնքի Ջիլ բնակավայրում իրականացվել են հանրային լսումներ: Համաձայն «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի, Սեւանա լճի ջրհավաք ավազանը՝ կենտրոնական եւ անմիջական ազդեցության գոտիների ներառմամբ, որպես մեկ ամբողջական համակարգ համարվում է քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտ՝ հաշվի առնելով համակարգի բարձր արժեքավորությունը եւ լճի էկոլոգիական իրավիճակի բարելավման անհրաժեշտությունը։

Սակայն այս ամենը հայկական իրականության մեջ մղվում է երկրորդ պլան, երբ հարցը վերաբերվում է պաշտոնյաների բիզնեսին:

«Ակվեստ» ՍՊԸ 50 տոկոս բաժնեմասերի սեփականատերը Գրիգոր Մարտիրոսյանն է՝ Երեւանի քաղաքապետարանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի կրտսեր եղբայրը:

Անդրանիկ Մարտիրոսյանը 2005 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության եւ ՀՀԿ Ավանի տարածքային խորհրդի անդամ է: Ստացվում է մի ձեռքով Կառավարությունը և Բնապահպանության նախարարությունը պայքարում են Սեւան Ազգային պարկի պահպանման համար, հայեցակարգեր են մշակում, դոնորներ փնտրում, իսկ մյուս ձեռքով՝ այդ նույն Ազգային Պարկին կից հանքերի շահագործման լիցենզիաներ շնորհում: Սեւանը առանց այդ էլ լուրջ բնապահպանական ճգնաժամի առաջ է կանգնել, Կառավարության կողմից մեկ այլ՝ «GeoProMining Gold» ընկերության կորպորատիվ շահերը սպասարկելու հետևանքով:

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս հաստատեց այն փաստը, որ հանքի շահագործման գործընթացն անխուսափելի է, քանի որ այդ նախագծում մեծ ֆինանսական ներդրումներ են արվել։

Սակայն, ինչպես ընդգծեց վարչապետը, դա ամենևին էլ չի նշանակում, որ Կառավարությունը համաձայն է այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում հանքավայրում…

Այսինքն համաձայն չեն, բայց մի դեպքում փող է ներդրվել, տակից դուրս գալ է անհրաժեշտ, մյուս դեպքում էլ՝ ՀՀԿ-ականի եղբոր հանքատեր դառնալու ցանկությունն է , հո մարդուն չե՞ն մերժելու, իսկ, Սեւանի հերն էլ անիծած…

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *