Նույնիսկ զենքով չկա հային փրկություն

ցույց

«Միայն զենքով կա հային փրկություն» հայտնի արտահայտությունը երբեք սրտովս չի եղել, թեև այն օգտագործվել է թշնամու դեմ պայքարի համատեքստում: Ես միշտ կարծել եմ և հիմա էլ մտածում եմ, որ պետության ու ժողովրդի անվտանգությունը հնարավոր է ապահովել քաղաքական, դիվանագիտական ճանապարհներով: Իսկ զենքին պետք է ապավինել միայն հույժ անհրաժեշտության դեպքում: Բնականաբար, հայտնի արտահայտությունը, առհասարակ կիրառելի չեմ համարում երկրի ներսում, որովհետև քաղաքական նույնիսկ ամենաթեժ մրցակցությունը պետք չէ շփոթել բարիկադների հետ: Քաղաքական մրցակցության առանձնահատկությունն այն է, որ հաղթողն ու պարտվողը կենաց ու մահու կռիվ չեն տալիս և տարբերվում են բարիկադների տարբեր կողմերում հայտնված մարդկանցից, որոնցից մեկի հաղթանակը ենթադրում է դիմացինի ոչնչացում: Ասածներս բացարձակ ճշմարտություն էին թվում 90-ականների սկզբին, երբ Հայաստանը բացառապես քաղաքական-սահմանադրական միջոցներով վերականգնեց իր անկախությունը, ձևավորեց իշխանության մարմիններ:

Սակայն 90-ականների կեսերից տեղի ունեցավ 88-ի շարժման լիդերների սերտաճումը նոմենկլատուրայի հետ: Ձևավորվեց քրեաօլիգարխիկ մի համակարգ, որն ամեն գնով փորձում էր վերարտադրվել՝ ընտրություններ կեղծելով, ցուցարարների վրա կրակելով: Հասարակությունը սկզբում գուցե կարծում էր, թե խնդիրն ընդդիմության առաջնորդների մեջ է, սակայն տարիների ընթացքում հասկացավ, որ իշխանության վերարտադրության պատնեշը չեն կարողանում հաղթահարել անգամ Խորհրդային Հայաստանի երկարամյա սիրված ղեկավարը, առաջին նախագահի կարգի խարիզմատիկ լիդերը կամ սիրված ու հաջողակ գործարարը: Նույն տրամաբանությամբ՝ ժողովուրդը հասկացավ, որ հանրահավաքներն, առաձին վերցված, խնդիր չեն լուծում, որովհետև իքս պահի իշխանությունը պատրաստ է կրակել, ինչպես դա եղավ 1996 թ. սեպտեմբերի 25-ին, 2004 թ. ապրիլի 12-ին ու հատկապես 2008 թ. մարտի մեկին:

Հասարակությունը գուցե դեռ չի ըմբռնել, սակայն Հայաստանի իրար հաջորդող ընդդիմությունների ձախողման հիմնական պատճառն այն է, որ դրանք նույն իշխանության մինի մոդելներն են՝ բրգաձև, ավտորիտար ու անձնակենտրոն: Երբ պայքարում են երկու նույնատիպ համակարգ, ապա իշխանության համակարգի հաղթանակն անխուսափելի է, որովհետև նա ունի վերարտադրվելու անհագ ցանկություն և անհամեմատ շատ ռեսուրսներ, քան ընդդիմությունը: Այս նույն տրամաբանությամբ հասարակությունն ու ընդդիմությունը պետք է հասկանային, որ զիված պայքարի անխուսափելի վախճանը պարտությունն է, որովհետև այդ դաշտում իշխանության ռեսուրսները բնականորեն անգերազանցելի են: Սակայն մարդիկ հիասթափվել են առաջնորդներից, ընտրություններից, հանրահավաքներից և հուլիսի 17-ին դիմեցին արմատական քայլի: Մի կողմից լավ է, որ հասարակությունը հասկացավ՝ հատկապես երկրի ներսում զենքով չի կարող լինել փրկություն: Մյուս կողմից վատ է, որ մարդիկ այլևս չեն հավատում, թե այս երկրում ինչ-որ բան, ինչ-որ եղանակովկարող է փոխվել: Դա անխուսափելիորեն հանգեցնելու է արտագաղթի նոր ալիքի, որը Հայաստանի համար նույնքան լուրջ սպառնալիք է, որքան ահաբեկչությունն ու բռնությունը: Սրա պատասխանատուներն իշխանություններն են, որոնք սպանում են քաղաքացիների հավատը պետության հանդեպ, և որակով նրանցից չտարբերվող ընդդիմությունը՝ ապագայի հանդեպ մարդկանց հույսերը խորտակող իրենց վարքագծով:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *