Նպատակը հայտնի է. մնում է այն կյանքի կոչել

timthumb

Օրերս Երևանում անցկացված Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որ կազմակերպվել էր Արա Աբրահամյանի կողմից ու, ըստ էության, նպատակ էր հետապնդում աշխարհին ճանաչելի դարձնել Հայաստանի հնարավորությունները, աչքի ընկավ նաև դրա ընթացքում հնչած բազմաթիվ նոր գաղափարներով, որոնք կոչված են լինելու ոչ միայն նպաստելու Հայստանի ինտեգրացիային՝ բառիս ամենալայն իմաստով, այլև, որքան էլ կարող է ոմանց ականջին անհավանական հնչել, օժանդակելու Հայաստանի ինքնուրույնության ու սուվերենության բարձրացմանը:

Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի առաջ ծառացած թիվ մեկ գերխնդիրներից է ինքնաբավությունը թե՛ տնտեսական, թե՛ պաշտպանական ու անվտանգության ոլորտներում, քանի որ բոլորն էլ հրաշալիորեն հասկանում են, որ օտարի «չվանին ցախ դնելու» և այդ հաշվարկով սեփական ապագան պլանավորելու փորձերը չեն կարող բռնել ժամանակի քննությունը: Հարկավոր է խելացի լինել ու ներկայում մեզ ընձեռնված հնարավորությունները ձեռքից բաց չթողնել. աշխարհում հարգվում են սեփական ձայնի իրավունքը վաստակած պետական միավորները, ու Հայաստանը պարտավոր է դառնալ միջազգային իրավունքի հենց նման սուբյեկտ: Ի՞նչ է պետք դրա համար անել:

Այս հարցի պատասխանը հրաշալիորեն տվել էր հենց ինքը՝ Արա Աբրահամյանն, ով մեծապես կարևորել էր հայկական սփյուռքի գործոնը Հայաստանի հզորացման գործում, ինքնաբավության հասնելու ճանապարհին:

Եվ իրոք, ռեալ վերլուծության ենթարկելով հայկական սփյուռքի՝ ժամանակակից աշխարհում ունեցած հնարավորւթյուններն ու ռեսուրսները՝ հանգում ես այն մտքին, որ քանի դեռ Երևանին չի հաջողվել դառնալ համայն հայության կենտրոն, մեր հնարավորություններն ու բոլոր ոլորտներում ինքնաբավության հասնելու ջանքերը զուր են լինելու:

Այսպես՝ ըստ որոշ հաշվարկների՝ աշխարհում հայկական կապիտալի ծավալը գերազանում է քառորդ տրիլիոն դոլարի սահմանագիծը՝ հանգամանք, որը չի կարող մի կողմից առաջ չբերել ուրախություն, մյուս կողմից էլ՝ չառաջացնել հարցեր:

Իսկ գլխավոր հարցը հնչում է հետևյալ կերպ՝ ինչո՞ւ պետք է հարուստ սփյուռք ունեցող երկիրն ապրի սոցիալական վատթար պայմաններում, ինչո՞ւ չպետք է լինի ինքնաբավ, ինչո՞ւ են սփյուռքի մեր հայրենակիցները վարանում հայրենիքում ներդրումներ անել: Կա՞ն արդյոք օբյեկտիվ պատճառներ (սուբյեկտիվ պատճառների մասին այս պարագայում խոսելն ավելորդ է, քանի որ դրան բոլորին են հայտնի): Ուզենք մենք, թե ոչ, փաստը փաստ է, որ որոշ պարագաներում միայն այս կամ այն խոշոր դրամատիրոջ բարի ցանկությունը բավարար չի կարող համարվել՝ ներդրումներ կատարելու օտար երկրներում:

Որքան էլ թմբկահարեն, թե փողը ազգություն կամ հայրենիք չունի, որքան էլ ասեն, թե արևմտյան բիզնեսմեններն ազատ են սեփական կապիտալի տնօրինման հարցում և այլն, անկասկած է, որ այնքան էլ այդպես չէ, ու աշխարհաքաղաքականության գործոնը դեռևս ոչ ոք չի չեղարկել: Այլ կերպ ասած՝ եթե Հայաստանը չի տեղավորվում ինչ-որ մեկի կամ մի քանիսի համապատախան ծրագրերում, ուրեմն՝ միամտություն է կարծել, թե այս կամ այն երկիրը թույլ կտա փողի արտահոսք սեփական սահմաններից, թույլ կտա սեփական հպատակներին, ինչ ազգության էլ նրանք լինեն, միլիոններ ներդնել հայաստանյան տնտեսությունում: Իսկ սա նշանակում է, որ քանի դեռ մեզ չի հաջողվել ինքներս մեզ աշխարհի հզորներին մատուցել որպես շահերի համընկնման, այլ ոչ թե բախման կենտրոն, լուրջ ֆինանսական կապիտալ ներդրումների մասին պետք է մոռանալ:

Այս իմաստով՝ նկատենք, որ Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովների բուն նպատակներից մեկն էլ Հայաստանը որպես համաշխարհային բևեռները միմյանց կամրջող երկիր ներկայացնելն է, քանի որ, ինչպես նշվեց, միայն այդ պարագայում կարող է հնարավոր դառնալ մեր առջև ծառացած խնդիրներին արմատական լուծումներ գտնելը: Ամեն ինչ պարզ է հենց սկզբից՝ եթե մեզ հաջողվի լիովին օտագործել աշխարհասփյուռ հայության պոտենցիալն ի բարօրություն Հայաստանի, ապա մեզ կհաջողվի հասնել Հայաստանի գոնե համեմատական անկախությանը բոլոր կարևոր ոլորտներում՝ պաշտպանական, տնտեսական և այլն:

Հակառակ պարագայում ստիպված ենք լինելու համակերպվել այն անփառունակ վիճակի հետ, որ հիմա ունենք: Անվիճարկելի է մեկ բան. մեր փոխարեն ոչ ոք Հայաստանը չի հզորացնելու ու, եթե կուզեք, պարտավոր էլ չեն: Իսկ երկիրն ինքնաբավության տանող ուղիները միայն ԵՏՄ-ով չէ, որ անցնում են: ԵՏՄ-ն այս դեպքում հանդես է գալիս ընդամենը ինքնառեալիզացվելու հարմար հարթակ: Բուն նպատակը Հայաստանն ինքնաբավ դարձնելն ու սեփական պոտենցիալը չվատնելն է, իսկ պոտենցիալ, անկասկած, ունենք…

Էռնեստ Ջանփոլադյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *