Նրանք ընդդիմություն չեն կարող ընկալվել. քաղաքագետ

timthumb (10)

«Իմ քայլը» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում արված հայտնի աղմկահարույց հայտարարությունը,  թե «մեր դեմ խաղ չկա» կամ «սև, սպիտակ ուժեր կան», մեծ քննարկումների առիթ դարձան և առաջացրին հարցեր՝ արդյո՞ք ընտրարշավի անհաջող մեկնարկով Հայկ Մարությանի՝ ընտրություններում գլխավոր ֆավորիտը լինելու շանսերը նվազում են։ Այս եւ այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։

Քաղաքագետը նկատեց, որ Հայկ Մարությանի կողմից ուղղակի անզգույշ  արտահայտություն է եղել։

«Կարծում եմ՝ այն պարզաբանումը, որ եղավ իր կողմից, հիմնականում բավարար էր և չեմ կարծում, որ դա կարող է նվազեցնել «Իմ քայլի» վարկանիշը։ Հիմնականում սոցիալական ցանցերում աղմուկ բարձրացավ և յուրաքանչյուրն ըստ իր շահի ներկայացրեց այն։ Բնականաբար, մրցակից քաղաքական ուժերը փորձում են օգտվել այդ առիթից, և սեփական վարկանիշը բարձրացնել՝ քննադատելով «Իմ քայլին», կոնկրետ՝ այդ ելույթը։ Մյուս կողմից՝ ակնհայտ է՝ հակահեղափոխական դիրքերից խոսող անձինք այդ առիթն օգտագործեցին։ Եղան նաև չեզոք քննադատություններ, որոնք որևէ քաղաքական ուժի կողմից չէին․ պարզապես ակտիվ օգտատերեր էին, որոնք որոշակի խնդիր էին տեսել հայտարարության մեջ, բայց այդ 3-րդ խմբի ներկայացուցիչների մեծ մասը խնդիր չէր տեսնում և միևնույնն է՝ քվեարկելու են «Իմ քայլի» օգտին»,-ասաց Վարդանյանը։

Նա նկատեց, որ Հայկ Մարությանն այս ընտրություններում ֆավորիտ է, և նրա կողմից արված նման հայտարարությունները չեն կարող էապես փոխել մթնոլորտը, քանի որ «Իմ քայլը» ամենախոշոր հեղափոխական ուժն է, որի մեջ ներառված են հեղափոխություն իրականացրած անձանց մեծամասնությունը.

«Կան այլ քաղաքական ուժեր, որոնց ներսում կան հեղափոխություն իրականացրած անձինք, որովհետև կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի հիմնական ընդդիմադիր ուժերը, որոնք կարող են զբաղեցնել երկրորդ, երրորդ տեղերը՝ լինեն դեմոկրատական օրակարգ կրող ուժեր, սատարած լինեն հեղափոխության գործընթացին և կրեն լայն առումով ազատական, դեմոկրատական արժեքներ․ դա կնշանակի, որ քաղաքական դաշտն առողջանում է»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ ապագայում, երբ բնական գործընթացների արդյունքում տեղի կունենա ընտրությունների միջոցով իշխանափոխություն, ՔՊ-ին փոխարինեն ժողովրդի վստահությունը նույնքան վայելող ժողովրդավարական օրակարգ ունեցող քաղաքական ուժեր․ «Որպեսզի չստացվի, որ ՔՊ-ի անհաջողությունը հանգեցնի նրան, որ ինչ-որ ռեակցիոն հակադեմոկրատական քաղաքական խմբեր գան իշխանության, դրա համար ես կարևորում եմ, որ կան այլ քաղաքական ուժեր, որոնք նույնպես շարժվում են դեմոկրատակաան օրակարգով»։

Հարցին՝ ո՞ւմ է տեսնում որպես առողջ ընդդիմություն և արդյո՞ք ՀՀԿ-ն, կամ Ռոբերտ Քոչարյանը կան այդ ցուցակում Վարդանյանը պատասխանեց․

«Դա ուղղակի բացառվում է: Նրանք քաղաքական ընդդիմության հետ որևէ կապ չեն կարող ունենալ, նրանք ընդդիմություն չեն կարող ընկալվել․ դրանք օլիգարխիկ խմբավորումներ են՝ հակադեմոկրատական արժեքներ կրող։ Նրանք մտածում են՝ հետագայում իշխանության նկատմամբ դժգոհություններն կլինեն, իրենք կկարողանան նեգատիվ մթնոլորտ ստեղծել, հակադեմոկրատական խմբեր համախմբել ու փորձել այդ կերպ քաղաքականությունում լինել․ դա որևէ աղերս չունի ընդդիմադիր գործունեության հետ, որպես  առողջ ընդդիմություն՝ կարող են լինել «Լույս» դաշինքը, «Ժառանգությունը»»։

Արմինե Արմենակյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *