Շաբոյանը կմատնի՞ յուրայիններին

timthumb

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացրել է ուսումնասիրություն, պարզելու, թե ինչ սկզբունքներով են պետական տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրվում բացառիկ լիցենզիաների, համաձայնությունների եւ քվոտաների թույլտվությունները: ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ մասնավորապես, խոսքը վերաբերում է, ասենք, ձկան եւ խեցգետնի արդյունահանմանը, հանքերի շահագործմանը, անտառահատմանը, պետական գույքի վարձակալությանը, Սեւանի ափամերձ տարածքների վարձակալմանը, դպրոցներում սննդի կազմակերպման համար տարածքների տրամադրմանը, բացօթյա առեւտրի կազմակերպմանը, արտաքին գովազդային վահանակների տեղադրմանը եւ այլն: Ինչպես և սպասվում էր՝ բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, որոնք, սակայն, ոչ հանրության համար կարելի է բացահայտում անվանել, ոչ էլ, առավել ևս, Շաբոյանի: Նա ոչ միայն այդ ամենի մասին քաջատեղյակ էր, ավելին՝ հենց նա էր պատասխանատու, որ նմանատիպ ապօրինությունները կանխվեն, կամ առնվազն պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Ընդհանրապես, վերջին իրադարձությունների ֆոնին անուշադրության է մատնվել, որ նախկին իշխանության «լյուբիմչիկներից» շատերը փաստացի պահպանեցին իրենց պաշտոնները: Մի պահ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է նոր Հայաստանում ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնը զբաղեցնել Սերժ Սարգսյանի հավատարիմ կադրը, մարդ, ով մշտապես պաշտպանել է խոշոր բիզնեսի և գերիշխող դիրքը չարաշահողների շահերը, մարդ, ով մշտապես հայտարարել է, որ Հայաստանում մենաշնորհ չկա: Հիմա պարզվում է՝ ամեն ինչ այդքան էլ հարթ չի եղել՝ մեղմ ասած, սակայն Շաբոյանը շարունակում է պաշտոնավարել՝ ասես ոչինչ էլ չի եղել: Մինչդեռ ապօրինությունների վրա աչք փակելը ոչ այլ ինչ է, քան հանցակցություն: Հիմա Շաբոյանն աննախադեպ ակտիվացել է, սակայն իրավիճակի զավեշտը նրանում է, որ նա, փաստորեն, ներկայացնում է իր իսկ ղեկավարման ընթացքում թույլ տրված բացթողումները: Եվ քանի որ դրանից հետո նա շարունակում է պաշտոնավարել՝ առաջին միտքը, որ գալիս է, այն է, որ Շաբոյանը որոշել է «փուռը տալ» օլիգարխիկ տնտեսվարողներին, որոնց նախկինում գիշեր ու զօր պաշտպանել է: Միակ բաց հարցը, սակայն, այն է, թե արդյո՞ք Շաբոյանի կալիբրը կհերիքի նման ռիսկի գնալ…

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *