Շաբոյանն ընդունե՞լ է իր սխալը

timthumb

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների նիստին: Շաբոյանը, մասնավորապես, անդրադարձել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում առկա հակասություններին՝ առաջարկներ ներկայացնելով դրանց փոփոխության վերաբերյալ: Թեև ռուսական կողմը համաձայնել է գնալ որոշակի զիջումների, և փոփոխությունները, ըստ էության, կկիրառվեն՝ այս պարագայում գլխավոր հարցը պետք է ուղղել հենց «ամենատես» ՏՄՊՊՀ-ին և Արտակ Շաբոյանին:
ԵԱՏՄ միասնական տեխնիկական կանոնակարգերի հրապարակվելուն պես` տնտեսվարողները միաբերան խոսում էին դրանցում առկա բացերի, հակասությունների մասին: Սակայն ԵԱՏՄ տնտեսական բլոկին ինտեգրված հայաստանյան իշխանությունները հանգստացնում էին, որ որևէ խնդիր չի կարող առաջանալ, կանոնակարգերը որևէ խնդրի և փաստի առաջ չեն կանգնեցնի: Իսկ այսօր արդեն Շաբոյանը, ով այս կանոնակարգերի արդյունավետությունը ապացուցողների առաջին էշելոնում էր՝ Մոսկվայում առաջարկում է դրանք փոփոխել: Իհարկե, նման առաջարկը, ինչպես ասում են՝ լավ օրից չէ: Նման առաջարկ հնչեցնելով՝ Շաբոյանն ընդունում է, որ ժամանակին պատկան մարմինները սխալվել են իրենց հաշվարկների մեջ և տնտեսվարողների վզին փաթաթել կանոնակարգերի այնպիսի ցանկ, որը վերջիններիս կանգնեցրել է փաստի առաջ՝ հակասություններով առաջացնելով թե՛ տեղական, թե՛ ԵՄ կանոնակարգերի հետ:
Այդ հակասություններն արդեն իսկ հանգեցրել են սննդամթերքի արտահանման ծավալների նվազմանը, և միայն դրանից հետո ՏՄՊՊՀ-ն հարկ է համարել քայլեր ձեռնարկել: Ի դեպ՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի գործարկման արդյունք էր նաև աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը, որն արդեն իսկ օրենքի ուժ է ստացել: Այդ տեխնիկական կանոնագիրը, ինչպես և ԵԱՏՄ-ն, ընդհանրապես ստեղծված է Ռուսաստանի տնտեսական և քաղաքական շահերի սպասարկման համար, հետևաբար, հասկանալի է, որ ռուսական կողմը փոփոխությունների կհամաձայնի միայն ոչ էական, երրորդական նշանակություն ունեցող հարցերում:
Ստելլա Խաչատրյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *