Շախմատիստը որոշումը միայնակ կկայացնի

timthumb (5)

Նախագահ Սարգսյանը մտավորականության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ով է լինելու երկրի հաջորդ նախագահը: Բայց խուսափեց նրա անունը հնչեցնել: Նախագահն ասաց, որ «Հայաստանի ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն, և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել»: Նախագահի այս հայտարարությունից հետո «խաղից դուրս» են հայտնվում մինչ օրս հնչած մի շարք գործիչների թեկնածությունները, մասնավորապես՝ Գագիկ Հարությունյանը, Էդուարդ Նալբանդյանը, Արկադի Ղուկասյանը կամ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ կողմից առաջարկվող թեկնածուն (դաշնակցականները վերջին շրջանում երկու անգամ ակնարկել են, որ չէին հրաժարվի այս յուղոտ պատառից): Մինչդեռ Սարգսյանը կտրուկ փոխում է խաղի կանոնները՝ էլ ավելի մեծ գլուխկոտրուկի առջև կանգնեցնելով քաղաքականապես ակտիվ հանրությանը:
Վերջին շրջանում մամուլում տարբեր անուններ էին շրջանառվում: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում և Իռանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը, ով կարող է դեսպանի աշխատանքը փոխարինել ՀՀ նախագահի պաշտոնով: Սարգսյանը բավարարում է նախագահին ներկայացվող պահանջները, քանի որ չորս տարուց ավելի՝ 2013թ. սեպտեմբերից՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն է։ Չնայած Սարգսյանը ֆիզիկապես Բրիտանիայում է, սակայն դեսպանի կեցությունը հավասարեցված է Հայաստանում բնակության հետ: Սարգսյանը մտերիմ հարաբերություններ ունի ոչ միայն Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամների և գործարար շրջանակների հետ, այլ նաև հաջող բիզնես է վարում Թուրքմենստանում և Ուզբեկստանում: Իշխանությունը կարող է հույս ունենալ, որ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունը կարող է հասարակության մոտ դրական ընկալումներ և հույսեր առաջացնել, և այդ ֆոնին հասարակությունը հեշտ կմարսի Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը: Սակայն խնդիրը հետևյալն է՝ ո՞վ է ԱԺ-ում կամ հայաստանյան քաղաքական դաշտում ճանաչում Արմեն Սարգսյանին, որպեսզի նրա թեկնածությունը հաստատվի Սարգսյանի նշած ընդարձակ մեծամասնությամբ: Կամ մեկ այլ հարց՝ որպես բրիտանական թագավորական ընտանիքին մոտ մարդ՝ Արմեն Սարգսյանը համագործակցելու՞ է գազպրոմցի վարչապետի հետ…
Եթե մի պահ հեռանանք քաղաքական դաշտից, ապա Սերժ Սարգսյանի ներկայացրած հատկանիշներին բավարարող անձանց կարելի է փնտրել գործարար ոլորտում: Այստեղ կարելի է առանձնացնել Ռուբեն Վարդանյանի և Ռալֆ Յիրիկյանի թեկնածությունները: Վերջինիս նշանակելով նախագահի պաշտոնում՝ Սարգսյանը միանգամից մի շարք խնդիրներ է լուծում: Մի կողմից՝ սա ժեստ է սփյուռքին, մյուս կողմից՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բացի այդ՝ Յիրիկյանը ռուսական ընկերության ղեկավար է, ինչն ինքնին նշանակալի փաստ է: Ինչ վերաբերում է Վարդանյանին, ապա նրա՝ նախագահի պաշտոնում ընտրվելու հավանականությունը շատ ավելի փոքր է: Թեև Վարդանյանը համապատասխանում է Սարգսյանի ներկայացրած պահանջներին, միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ նա Կարապետյանի թիմի անդամ է, և եթե մի պահ ենթադրենք, որ Կարապետյանը զիջում է վարչապետի պաշտոնը Սերժ Սարգսյանին, ապա նրա թիմը որոշակիորեն զրկվում է նախկինում ունեցած երաշխիքներից, և դժվար թե Վարդանյանը, աչքի տակ ունենալով Կարապետյանի օրինակը, լրջորեն մտնի խաղի մեջ հատկապես մի շրջանում, երբ ներքաղաքական կյանքը արմատական վերադասավորումների փուլում է:
Իրականում ապոլիտիկ և անկուսակցական թեկնածուն Սերժ Սարգսյանի փրկությունն է: Իշխող կուսակցությունը տարիներ շարունակ վարկաբեկվել և վարկաբեկել է այն բոլոր քաղաքական ուժերին և գործիչներին, որոնք այս կամ այն կերպ ակտիվորեն ներգրավված են եղել ներքաղաքական գործընթացներում: Այժմ Սարգսյանի կողմից խաղարկվող շախմատային պարտիայի առաջնային խնդիրն է գտնել նրան, ով հանրության ընկալման մեջ նվազագույն կերպով կասոցացվի իշխանությունների և նրանց վարած քաղաքականության հետ, դրանով իսկ Սարգսյանը կստեղծի նախագահի անկողմնակալության իլյուզիա:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *