Շարմազանովը Նիկոլ Փաշինյանին չի տեսնում վարչապետի պաշտոնում

շ-5

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին չի տեսնում վարչապետի պաշտոնում: Շարմազանովն այս մասին հայտարարեց ԱԺ-ում ՀՀ վարչապետի հարցի ընտրության քննարկման ընթացքում ունեցած ելույթում: «Պարոն Փաշինյանը, ինչպես երեկ, այնպես էլ այսօր դուք,  ինձ չհամոզեցիք, ես ձեզ չեմ տեսնում գերագույն-գլխավոր հրամանատարի դերում»,— ընդգծեց Շարմազանովը:

Նա մանրամասնեց, որ այսօր ընտրում են, ոչ թե համաժողովրդական տրիբուն, այլ գործադիրի ղեկավար, որը նախ և առաջ պետք է աչքի ընկնի քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ և քաղաքական հստակ գաղափարախոսությամբ: «Լինել կանխատեսելի, նշանակում է լինել հետևողական և անփոփոխ: Ձեր ընտրվելու պարագայում ո՞վ է լինելու ձեր կառավարության առաջին փոխվարչապետը, փոխվարչապետերը, պաշտպանության նախարարը, ֆինանսների նախարարը, ոստիկանության պետը, ազգային անվտանգության ծառայության ղեկավարը: Ովքե՞ր, պատասխան չկա»,— նշեց նա:

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց՝ ընդամենը մի քանի ամիս առաջ Փաշինյանը և  նրա խմբակցությունը իշխանություններից  պահանջում էին դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, իսկ այսօր ասում են իրողություն է փոխվել: «Երբ մենք էինք խոսում իրողությունների փոփոխության մասին, դուք մեզ մեղադրում էիք ստախոսության մեջ: Կներեք, առնվազն արդար չէ»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը չներկայացրեց որևէ հայեցակարգ Արցախյան հիմնահարցում:  «Դուք որևէ հայեցակարգ չներկայացրիք, ինչպե՞ս եք բանակցելու,  ո՞րն է ձեր փոխզիջումների գինը, պատրա՞ստ եք փոխզիջումների, թե՞ ոչ, ի՞նչ է լինելու 7 ազատագրված տարածքների ճակատագիրը: Ասում եք կավելացնեք ռազմական բյուջեն: Լավ է, որ ուզում եք, բայց ինչպե՞ս: Ես այդ հարցի պատասխանը չստացա»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նրա գնահատմամբ՝ քաղաքական գործիչների համար ամենաէականը գաղափարախոսության առկայությունն է. նա պետք է ունենա հստակ գաղափարախոսություն: «Ես հույս ունեի լսել վարչապետի թեկնածուի հայեցակարգային ելույթ, սակայն ականատես եղա ժողովրդի ականջը շոյող ոչ ծրագրային ելույթի: Մենք ևս մտահոգ ենք մեր երկրում առկա վատ երևույթներով: Մենք չենք ժխտում, որ մեր երկրում եղել է ու կա կոռուպցիա և անարդարություն: Անկախ նրանից, թե ով կլինի իշխանություն, մենք չպետք է գնանք վերջնագրերի ճանապարհով, այլ երկխոսության: Իմ գնահատականները քաղաքական են և որևէ անձնական վերաբերմունք մի փնտրեք»,- նշեց նա:

Իր ելույթը Շարմազանովն ավարտեց հետևյալ խոսքերով.  «Եթե ոմանց պետք են ցնցումներ, մեզ պետք է ուժեղ, միասնական, ժողովրդավարական Հայաստան: Աստված պահապան հայ ժողովրդին և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *