Շնից մազ պոկելը քյար է

timthumb (1)

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ընդունվեց իշխող կուսակցության ջանքերով, ՀՀԿ-ական պատգամավորներից շատերի մոտ մեծ զայրույթ էր առաջացրել: Նախագծով առաջարկվում է բարձր կենսաթոշակից զրկել այն պաշտոնյաներին, ովքեր կշարունակեն պաշտոնավարել կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո:Նախագիծը հատկապես ծանր են տարել վերջին շրջանում իրենց ակտիվությամբ (բնավ էլ ՝ ոչ քաղաքական) աչքի ընկած երկու կարկառուն հանրապետականները՝ Խոսրով Հարությունյանը և Հակոբ Հակոբյանը, նույն ինքը Թունելի Հակոբը:
Այս պարոնայք որևէ աղերս չունեն ՀՀԿ նոր ոգու հետ, սակայն, ինչպես երևում է, լիահույս են, որ դեռ մի տաս տարի էլ կբազմեն ԱԺ-ում և կծիծաղեն Հայաստանի Հանրապետության կարտոլ ուտող քաղաքացիների վրա: «Կենսաթոշակի իրավունքը դա սահմանադրական իրավունք է: Այսինքն` կենսաթոշակը չենք վճարում այս կամ այն քաղաքացու աշխատանքից հետո պակասած եկամուտները կոմպենսացնելու համար: Մեկը մյուսի հետ կապ չունի: Դա իրավունք է, հետևաբար որևէ մեկը չի կարող դա կասեցնել: Դուք իրավունք չունեք իմ սահմանադրական իրավունքը սահմանափակելու»,- պնդել է Խոսրով Հարությունյանը: Նկատենք, սակայն, չնայած դժգոհությանը` Հարությունյանն առաջին ընթերցման ժամանակ կողմ է քվեարկել այս նախագծին, ասել է թե՝ կողմ իր սահմանադրական իրավունքների սահմանափակմանը:
Գուցե գիտակցելով, որ իրադարձությունների նման զարգմացման պարագայում կարող է նաև ներկայիս փեշակից զրկվել: Միևնույն ժամանակ պատգամավորների անթաքույց դժգոհությունը մատնում է մեծապատիվ մուրացկանների հոգեբանությունը, որը առկա է Հայաստանի գրեթե յուրաքանչյուր մեծ ու փոքր պաշտոնյայի մոտ: Հանրային կարծիքը մեր քաղաքական դասի համար արժեք չունի, ըստ այդմ՝ նրանց գործունեությունը չի ենթադրում իրավական ու բարոյական տաբուներ: Բիզնես ունեցողները թքած ունեն սահմանադրական սահմանափակումների վրա և իրենց կեղտոտ փողերով մանդատը գնում են այնպես, ինչպես որևէ արգելված ապրանք ձեռք կբերեն «սև շուկայում»: Նրանցից որևէ մեկին այդ գումարները պետք չեն, դրա կարիքը նրանք չունեն, բայց սովորել են բոլոր հնարավոր միջոցներով պետությունից փող քամել՝ «շնից մազ պոկելը քյար է» տրամաբանությամբ՝ անտեսելով այն հանգամանքը, որ այդ հարյուր հազար դրամի երեսն ամիսներով չեն տեսնում հազարավոր ընչազուրկ ընտանիքներ:
Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *