Շոուների ժամանակը չէ․ Էջմիածնում պետք է իմաստավորել հեղափոխությունը․ քաղաքապետի թեկնածու Սուրեն Մուրադյան

timthumb

Հոկտեմբերի 21-ին քաղաքապետի ընտրություններ կանցկացվեն նաև Էջմիածին քաղաքում։ Հայտնի քաղաքական իրադարձություններից հետո Էջմիածինը չի դադարում ուշադրության կենտրոնում մնալ և այս ընտրությունները ևս շարունակում են իրենց վրա մեծ ուշադրություն կենտրոնացնել։ Այսպես, ըստ ԿԸՀ-ի, Էջմիածնում 14 թեկնածու էր առաջադրվել: Ինքնաբացարկներից հետո այսօր արդեն 12 թեկնածու է պայքարում քաղաքապետի աթոռի համար։

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում իր ծրագրերից, անելիքներից և պատկերացումներից խոսեց անկուսակցական թեկնածու Սուրեն Մուրադյանը, ով 2008 թվականից սկսած՝ քաղաքի ավագանու անդամ է, ինչը հնարավորություն է տվել նրան լավագունս տիրապետել քաղաքի ենթակառուցվածքներին, ունեցած ռեսուրսներին, խնդիրներին և քաղաքը զարգացման ճանապարհով տանելու տարբերակներին։

-Պարո՛ն Մուրադյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերն այս ընտրապայքարում՝ հաշվի առնելով այն հանգամանքը նաև, որ նոր իշխանությունները քաղաքում ունեն իրենց թեկնածուն և իրենց աջակցությունն են ցուցաբերում քաղաքապետի ԺՊ Դիանա Գասպարյանին:

-Իմ առաջադրումը միայն իմ որոշումը չի եղել․ Էջմիածնի բազմաթիվ բնակիչների որոշումն է եղել և ունենալով նրանց աջակցությունը՝ շանսերս բավականին բարձր եմ գնահատում, որովհետև տարիներ շարունակ էջմիածնեցին, իր քվեն ինձ տալով, ապացուցել է, որ ունեմ վստահություն։ Ինչ վերաբերում է «Իմ քայլը» դաշինքի առաջադրած թեկնածուին՝ խելացի, բանիմաց աղջիկ է, բայց ստեղծված իրավիճակում քաղաքապետի պաշտոնը ստանձնելը նրա ուժերից վեր է, քանի որ շատ բարդ է բնակիչների հետ շփվում, արդեն իսկ բազմաթիվ բողոքներ կան։ Իմիջիայլոց, ավագանու նիստերը բուռն քննարկումներով են ընթանում, ինչը հնարավորություն է տալիս հասկանալու, որ կան հարցեր. ժամանակ է պահանջվում, որպեսզի նա ծանոթանա, հասկանա։ Ինձ թվում է՝ չիմացությունը, ԺՊ-ի անտեղյակությունը հետքայլ կլինի քաղաքի համար։ Ես կարծում եմ՝ հենց այս պահից պետք է առաջ գնալ, պետք է այնպիսի համայնքապետ ընտրել, ով քաջատեղյակ է բոլոր խնդիրներին։

-Ձեզ ընդդիմադի՞ր եք համարում, ո՞ր բևեռում եք Ձեզ ավելի շատ տեսնում։

-Ես ընդդիմադիր չեմ համարում ինձ, մենք վարչապետի կողքին ենք և մեր պայքարը սկսել ենք շուրջ 6 ամիս առաջվանից։ Իմ կարգախոսն է՝ «Իմաստավորելով հեղափոխությունը», և իմ առաջադրումով և իմ ընտրվելով կիմաստավորվի հեղափոխությունը Էջմիածնում։

— Եվ ինչպե՞ս եք իմաստավորելու հեղափոխությունը։

-Իմ ծրագրերով, քաղաքիս համար լավագույնն անելու իմ մեծ պատրաստակամությամբ, ներդրումներ կատարելու համար բարենպաստ միջավայր ստեղծելով, բացի այդ՝ ավարտին հասցնելով այն կարևոր ծրագրերը, որոնք դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ ենք մշակել և դրանց իրականացման շնորհիվ քաղաքում զարթոնք կապահովենք։ Շատ մտահղացումներ կան, որ դեռևս թղթի վրա են մնացել: Ես, գիտակցելով դրանց թույլ և ուժեղ կողմերը, իմ օբյեկտիվ որոշումներով առաջ քայլ կանեմ։

Ծրագրում եմ որոշ թաղամասերի մանկապարտեզների շահագործում, իսկ դրանց բացակայության դեպքում՝ նաև նախագծում, երիտասարդների համար ինտելեկտուալ խմբակների նախաձեռնում, գրադարանների վերակենդանացում, քաղաքի կոլորիտի, երբեմնի եղած բարի ավանդույթի վերականգնում, ելնելով քաղաքի պատմամշակութային առանձնահատկություններից հատկապես կարևորելով Էջմիածնի հոգևոր մայրաքաղաք լինելը, առավելապես՝ խթանել զբոսաշրջությունը սպասարկող ենթակառուցվածքների ստեղծումը, որպեսզի զբոսաշրջիկը Մայր Աթոռ մտնելուց հետո միանգամից Երևան չշտապի: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել գույքի, հողերի, այլ տարածքների օրինականությանը և նպատակային օգտագործմանը, որ, օրինակ, FIFA-ն խաղահրապարակ կառուցի ոչ թե վարելահողի, այլ չմշակվող հողատարածքի վրա: Կան նաև այլ ծրագրեր, որոնց մասին կարող եմ շատ երկար խոսել։

Իսկ այն մարդուն, ով ԺՊ է հիմա, մենք պայքարի մեջ չենք տեսել: Դա  արդեն իմաստազրկում է հեղափոխությունը։ Մենք, որպես էջմիածնեցիներ, ամեն ինչ արել ենք մեր սուրբ քաղաքի համար, իսկ Էջմիածնի ոչ մի բնակիչ «Իմ քայլը» դաշինքի այսօրվա թեկնածուին չի տեսել ոչ մի պայքարում։ Ինձ համար և շատերի համար մեծ հարց է, թե ինչու հենց նա պետք է լիներ ԺՊ։ Լավ կլիներ, եթե իշխանության հետ գայինք պայմանավորվածության, որ ճիշտ թեկնածու ընտրվեր, հակառակ դեպքում՝ հեղափոխությունը կարող է այս քաղաքում իմաստազրկվել։

-Ավագանի եք, բնականաբար, շփվել եք քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, ի՞նչ տպավորություն ունեք իր կառավարչական հմտությունների առումով։

-Կարող եմ Ձեզ հիշեցնել ավագանու այն նիստը, որով պետք է Մանվել Գրիգորյանին զրկեին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից։ Ինձ համար այդ հարցն այդքան էլ էական չէր։ Ես օրակարգում անապահով ընտանիքին վերաբերող հարցն ավելի էի կարևորում, իսկ Գասպարյանին ընդամենը շոու էր պետք, քանի որ բազմաթիվ լրագրողներ այդ օրը լուսաբանում էին նիստը։ Նա օրակարգային այլ հարցերի մասին անգամ թերի պատկերացում չուներ։ Էջմիածինը բարդ քաղաք է, բարդ պրոբլեմներով: Այդ համատեքստում քաղաքապետն այնպիսի մարդ պետք է լինի, որ գոնե 30 տոկոս տիրապետի իրավիճակին, որ կարողանա զարգացման տանի, աճեցնի քաղաքը։ Հետ գնալու տեղ չունենք, իսկ նա նոր-նոր ծանոթանում է քաղաքին։ Ես իմ ծրագիրը կազմելիս առաջնորդվել եմ քաղաքում առկա խնդիրների արդյունավետ լուծման իրագործմամբ՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագրի դրույթները։ Էջմիածին համայնքում նկատվելու է էական բարելավում՝ տնտեսական և սոցիալական ոլորտներում։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *