Շտապե՛ք, տաք-տաք ոսկին վերջանում է. ՀՀ կառավարություն

timthumb (4)

Ֆինանսների նախարարության կողմից առաջարկված «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018–2021 թթ. թանկարժեք մետաղների և քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիր անունը կրող նախագծով նախատեսվում է վաճառել պետական գանձարանում կուտակված թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր: Ըստ նախագծի դրանց վաճառքի արդյունքում պետբյուջե կմտնի ավելի քան 1,5 միլիարդ դրամ, իսկ վաճառքի հիմնավորումն էլ հետևյալն է՝ պետական պահուստների թանկարժեք մետաղներից ու քարերից պատրաստված իրերը տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը և բնականաբար նաև արժեքը:

Նմանատիպ մի որոշում էլ կառավարությունը ընդունել էր այս տարվա փետրվարին, երբ որոշվեց աճուրդի հանել «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի» պահուստում 102 կգ 793 գրամ պահվող կուլտիվացված մարգարիտը: Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աճեցված մարգարիտը վաճառելու նպատակը պետական բյուջեում եկամուտների ավելացումն ու նոր մուտքերի ապահովումն է: Նախագծի հիմավորման մեջ նշվում էր նաև, որ պետական պահուստներում առկա աճեցված մարգարիտի պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է, քանի որ այն տարիների ընթացքում կորցնում է իր արդիականությունը և ենթարկվում է քայքայման` կորցնելով ապրանքային տեսքը և արժեքը: Ինչպես տեսնում ենք հիմնավորումները այն ժամանակ և այսօր գրեթե նույնն են:

Սակայն ՀՀ պահուստային ֆոնդին ոսկու վաճառքի ամենախոշոր դեպքը արձանագրվել է 2003 թվականին: Այդ ժամանակ Հայաստանը, որպես պահուստ, ուներ 1 տոննա 396 կիլոգրամ ոսկի: Հենց այդ տարվա վերջին, լիակատար գաղտնիության պայմաններում, ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց վաճառել այդ ոսկին: Մեկ տրոյական ունցիայի գինը Նյու Յորքի բորսայում այդ ժամանակ 400 դոլար էր, եւ հենց այդ գնով էլ մեր ամբողջ ոսկին վաճառվեց: Հասույթը կազմեց 17 միլիոն 800 հազար դոլար: ՀՀ նախկին վարչապետ, այն ժամանակ դեռ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը չափազանց գոհ էր այդ գործարքից: Նրա հաշվարկներով Կենտրոնական բանկը տարիների ընթացքում այդ ոսկին գնել էր 280 դոլարով եւ վաճառել 400 դոլարով, ինչը նշանակում է, որ այս գործարքի արդյունքում ԿԲ-ն ստացել է 3 միլիարդ դրամի, կամ այն ժամանակվա հաշվարկով` 5,6 միլիոն դոլարի եկամուտ: Բայց հենց այն պահից, երբ ԿԲ-ն վաճառեց մեր ոսկին, այդ մետաղի գինը սկսեց աճել անհավանական տեմպով: Ավելի քան հավանական է, որ այդ նույն սցենարին ականատես կլինենք նաև հիմա: Ինչպես երևում է, այս կառավարությունը նախորդ դառը փորձից որևէ դաս չի քաղել:

Ցանկացած պետության ԿԲ-ի պահուստներում ոսկի անպայման պետք է լինի, քանի որ ոսկին  կայուն փոխարժեք է և միջազգային պահուստների դիվերսիֆիկացման լավագույն տարբերակ, մինչդեռ դոլարի և եվրոյի պարագայում հնարավոր արժեզրկման ռիսկը մեծ է: Արդյունքում արժեզրկվելու են նաև բոլոր երկրների, այդ թվում նաև՝ Հայաստանի, թիրախային վալյուտաներով պահվող խնայողությունները: Ոսկու պահուստի վաճառքը ամենածայրահեղ քայլերից է, որին պետությունները գնում են այն պարագայում, երբ երկիրը կանգնած է տեխնիկական դեֆոլտի եզրին, կամ ներդրումների դինամիկան երկար ժամանակ բացասական է: Մեր պարագայում կարծես թե երկուսը մեկում են: Չնայած կառավարության հավաստիացումներին, որ դեֆոլտի վտանգ չկա, պետական պարտքի կառավարումը վերահսկելի է, իսկ շեմը ՝ թույլատրելի, ներդրումային բումն էլ շուտով կհասնի Հայաստան՝ կառավարության կողմից կատարած քայլերը ապացուցում են հակառակը:

Ի դեպ, Հայաստանը այսօր շատ ավելի մոտ է դեֆոլտին, քան 2003 թվականին: Երբ ոսկին վաճառվեց, Հայաստանում պաշտոնական վիճակագրությունն արձանագրել էր 13.8 տոկոս տնտեսական աճ: Եթե այդպիսի աճի պայմաններում իշխանությունը «սոցիալական ծախսեր» անելու համար «ստիպված» էր վաճառել ոսկու ամբողջ պաշարն` ընդամենը 5.6 միլիոն դոլարի «շահույթ» ստանալու նպատակով, ապա դա տխուր է, «Սոցիալական ծախսերի» համար այդ ոսկին վաճառելը եւս արդարացում չէ: Արդարանալու համար ասում էին, թե ոչ ոք չէր կարող կռահել, որ ոսկու գինն այդքան կբարձրանա: Այդ դեպքում բոլոր նրանք, ովքեր սուր քննադատության էին ենթարկում ոսկու վաճառքը, որտեղի՞ց գիտեին, որ ոսկին կթանկանա, իսկ ԿԲ-ում հավաքված «թունդ» մասնագետներն ու վերլուծաբանները` չգիտեին: Արտաքին պահուստներում, բացի հուսալիության գործառույթ կատարելուց, ոսկին նաեւ հոգեբանական նշանակություն ունի՝ այն պետության ատրիբուտներից է: Ընդ որում՝ ատրիբուտ, որի արժեքը չնայած կարող է եւ տատանվել, բայց մեծ հաշվով միշտ էլ պահպանվում է: Իսկ հիմա Հայաստանն այդ ատրիբուտն այլեւս չունի: Ոսկու պահուստների վերականգնման ուղղությամբ հստակ քայլեր և ռազմավարություն ՀՀ կառավարության կողմից առայժմ չեն նկատվում: Փոխարենը՝ եղածն էլ ենք հանում աճուրդի…

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *