Ո՞վ է նեղացրել ՄԻՊ Թաթոյանին…

timthumb (2)

Տևական ժամանակ է՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի ներկայանում ՀՀ կառավարության նիստերին: Պատճառը Թաթոյանի՝ իշխանություններից նեղանալն է: Բանն այն է, որ Արման Թաթոյանը ՀՀ կառավարության նիստերին սկսեց ներկա չգտնվել այն բանից հետ, երբ ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը Հայաստանում բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման նախագիծ ներկայացրեց ՀՀ կառավարություն: Թաթոյանն էլ հակասահմանադրական էր որակել այս նախագիծը և ներկայացրել բավական ծավալուն առարկություններ: Բացի այդ` կառավարությունը ներկայացրել էր նաեւ առողջապահության օմբուդսմենի վերաբերյալ օրինագիծ` այդպես Թաթոյանից տանելով «եւս մեկ կտոր» :

Իհարկե, ՄԻՊ-ից  Թաթոյանի բացակայություններին այլ , ավելի պատշաճ արդարացում են գտել: Պարզվում է, աշխատանքային ծանրաբեռնվածությամբ է պայմանավորված, որ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ կառավարության նիստերին չի մասնակցում: Թե ինչու է հանկարծ Թաթոյանի աշխատանքի ծավալը նման կտրուկ աճ արձանագրել, մի պարագայում, երբ իր իսկ զեկույցի համաձայն մարդու իրավունքները Հայաստանում գերպաշտպանված են և դինամիկան էլ դրական է՝ գիտի միայն ինքը Թաթոյանը…

Գաղտնիք չէ, որ Արման Թաթոյանը խանդով  է վերաբերվել իր «դուքյանի» լիազորությունները այլ պաշտպանների հետ կիսելու գաղափարին: Բայց ինչպես երևում է՝ այս դեպքում  օրը ցերեկով խախտվում են իր՝ ՄԻՊ իրավունքները: Գուցե մի պաշտպան էլ այս դեպքում Թաթոյանի՞ն է հարկավոր..

Իսկ եթե այսպես գնա, ոչ հեռու ապագայում ամեն մի գերատեսչություն պահանջ կներկայացնի իր անձնական օգտագործման ՄԻՊ-ը ունենալու մասին: Երկիրը կլցվի փոքրիկ ՄԻՊ-իկներով` յուրաքանչյուրն իր աշխատակազմով, ծառայողական մեքենաներով և օֆիսներով հանդերձ: Ճիշտ է, դրանից հետո մենք ավելի պաշտպանված չենք դառնա, քան հիմա է, բայց փոխարենը կարող ենք միջազգային հանրությանը ցուցադրելու բան ունենալ, և սրա հետ մեկտեղ էլ պաշտոնյաները իրենց գլուխները կազատեն քաղաքացիների բողոքներից և բոլորին կուղարկեն այն ՄԻՊ-ի մոտ, որն իրենց է ծառայելու: Համաձայնեք, որ շատ հարմար է…

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *