Ո՞վ է Վայոց ձորի նորանշնակ մարզպետը

timthumb (8)

Այսօր, կառավարության նիստի ժամանակ, նշանակվեցին 8 մարզերի ղեկավարներ: Վայոց Ձորում մարզպետ նշանակվեց ՀՀԿ-ական Արագած Սաղաթելյանը, ով, ինչպես հայտնում են լրատվամիջոցները, նաև ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Այս նշանակման մեջ ամենաուշագրավն այն է, որ Սաղաթելյանը Վայքի նախկին քաղաքապետն է, իսկ դրանից առաջ եղել է «Վայք» ՋՕԸ գործադիր տնօրենը։ Նա 2015-ին ընտրվեց Վայքի քաղաքապետ՝ մեն-մենակ մասնակցելով ընտրություններին։ Մրցակից չունենալու մասին այն ժամանակ շատ գրվեց. քաղաքում խոսում էին, որ նա ընտրություններ կազմակերպելու մեծ «մասնագետ» է։ Մի ուշագրավ դիտարկում եւս՝ Վայոց Ձորի նոր մարզպետը Ջերմուկի Աշոտ Արսենյանի մերձավորներից է։ Ի դեպ, վայքեցիների կեսից ավելին չի մասնակցել ընտրություններին, թերևս ունենալով այն ներքին համոզումը, որ, միեւնույնն է, ոչինչ չի փոխվի: Այնուամենայնիվ, նկատենք այն, որ հոռետեսությամբ չտառապող 109 մարդ «ջան է արել», հասել ընտրատեղամաս եւ դեմ քվեարկել Արագած Սաղաթելյանին՝ ինքնին խոսուն վկայություն է այն բանի, թե ինչպես է սեփական քաղաքի շենացման համար «վիզ դրել» Սաղաթելյանը:
Վայքի քաղաքապետարանը ղեկավարելու ընթացքում Սաղաթելյանը, ինչպես և մյուս հանրապետականները, անչափ  «ակտիվ» էր: Մասնավորապես, մամուլում նրա կառավարման տարիներին բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, թե վերջինիս կառավարման ժամանակ Վայոց ձորի մարզպետարանը պայմանագիր է կնքել «Սաղաթելյան եղբայրներ» ՍՊԸ–ի հետ, որն էլ իրականացրել է Վայոց ձորի մարզում Խնձորուտ գյուղի ոռոգման ջրագծի կառուցումը: 28 մլն դրամ է արժեցել այդ նախագիծը, որի կառուցման իրավունքը տրվել է քաղաքապետի ընկերությանը: Համաձայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Սաղաթելյան եղբայրներ» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետերը Արագած Սաղաթելյանն է՝ Վայքի քաղաքապետը: Ընկերությունը գրանցված է Արագած Սաղաթելյանի տան հասցեում: Կարելի է ենթադրել, որ այն ժամանակ Սաղաթելյանը լավ էր «տեղավորվել» և  օգտվում էր պաշտոնական դիրքի ընձեռած «քաղցր պտուղներից»: Մնում է միայն հուսալ, որ մարզպետի պաշտոնում  Սաղաթելյանն իր ախորժակը կհարմարեցնի Նոր Հայաստանում ամրագրված սկզբունքներին և պետական կառավարման համակարգում հաստատված աշխատելաոճին: Մյուս կողմից՝ արդյո՞ք այս ընտրությունը ամենաարդյունավետն էր: Կառավարությունը ժամանակավոր է, նշանակված մարզպետներն, ըստ էության, երկու ֆունկցիա ունեն` օպերատիվ կառավարում և օրինական ընտրությունների նախապատրաստման աջակցություն: Որքանո՞վ է վերոնշյալ հերոսություններով աչքի ընկած պաշտոնյան ի վիճակի արդյունավետ կերպով իրականացնել այդ երկու կարևորագույն գործառույթները…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *