Ո՞րն է դատական բարեփոխումների իրական նպատակը. Բադասյանի նախագծի «մութ անկյունները»

timthumb

Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծերով, ի թիվ այլ կարգավորումների, նախատեսվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր չներկայացնելու, գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ նյութեր չներկայացնելու հիմքերով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Սա, ըստ էության, դառնալու է այն գործիքակազմը, որով իշխանությունները հեշտորեն կազատվեն անցանկալի դատավորներից: Անցանկալի ասելով, իհարկե, նկատի ունենք դատական համակարգի այն աշխատողներին, ովքեր կփորձեն տորպեդահարել քաղաքական որոշումները:
Նախագծով նախատեսվում է նաև ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում, բացի դատավորներից ընդգրկել ՄԻՊ-ի մեկ և քաղհասարակության երկու ներկայացուցիչների` նշված Հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը ապահովելու համար: Հաշվի առնելով, թե ովքեր են կազմում ներկայիս իշխանության գրպանային քաղհասարակությունը, պետք է ենթադրել, որ այս հարցում էլ վերահսկողությունը լինելու է ձևական կամ ուղղորդված, ասել է թե՝ այս փոփոխությունը չի կարող ծառայել իր նպատակին:
Նախագծով նախատեսվում է նաև ներդնել Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու սխեմա՝ «նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել կենսագործելու 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ կազմավորման մոդելը: Սա մեր պատմության մեջ իսկապես աննախադեպ դրույթ է, երբ Սահմանադրական դատարանի դատավորին, կոնկրետ ժամկետներում հրաժարական տալու դիմաց, առաջարկվում է աշխատավարձ (ոչ թե կենսաթոշակ) մինչև իր 65 տարեկանը, ոչ թե նրա համար, որ նա աշխատի, և պաշտպանի սահմանադրությունը, այլ չաշխատի, և թույլ տա իշխանությանը նրա փոխարեն նշանակել իրեն հարմար դատավորներ։ Սա օրենքով բացահայտ կոռուպցիա խրախուսելու առաջին դեպքն է մեր պատմության մեջ, և դա փորձում է անել մի իշխանություն, որն անընդհատ խոսում է կոռուպցիայի բացառման մասին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *