Ո՞րն է Մովսես Հակոբյանի «ալիբին»…

timthumb (14)

Պաշտպանության նախարարի 2008 թ․ 0038 գաղտնի հրամանի հետ կապված՝ ՀՔԾ-ում հարցաքննվել են նաև ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 2008-ին Արցախի պաշտպանության փոխնախարար, գեներալ Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը։ Ընդ որում՝ մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Օգանովսկին իրավապահ մարմիններին անչափ տրամաբանական հարցադրում է արել՝ եթե իր Երևան այցելելու և հարցաքննության ենթարկվելու «դաբրոն» տրված է Արցախի պաշտպանության նախարարի կողմից, ապա ինչո՞ւ առաջին հերթին ՀՔԾ չի հրավիրվել 2008-ին Արցախի Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Մովսես Հակոբյանը:

Եվ իրապես, ժամանակի գործող գլխավոր ֆիգուրանտներից մեկը կարծես ստվերում է և որևէ կերպ չի հայտնվում վարույթն իրականացնող մարմնի ուշադրության կենտրոնում՝ մինչդեռ անգամ պարզ տրամաբանությունը ենթադրում է, որ Հակոբյանը կարող է լույս սփռել մի շարք հարցերի վրա, որոնք մինչ օրս չեն ստացել իրենց պատասխանները: Մարտի 1-ին Արցախից Հայաստան զորքի տեղափոխման մասին խոսել էին ԱԱԾ և ՀՔԾ պետերը՝ իրենց վերջին համատեղ ասուլիսի ընթացքում: Բացի այդ, համացանցում տեսանյութ է տարածվել, որում ոստիկանության և ՊՆ ռազմական ոստիկանության նախկին աշխատակից, այժմ Եվրոպայում գտնվող Վարդան Ղուկասյանը՝ «Դոգը» վստահեցնում է, որ 2008-ի մարտի 1-ին Արցախից Երևան զորք՝ բերվել է: Ինչպես ասում են՝ Մովսես Հակոբյանին հարցաքննության կանչելու հիմքերն ավելի քան ակնհայտ են, մինչդեռ նա շարունակում է մնալ անձեռնմխելի և դա որևէ կերպ չի տեղավորվում Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործն ամբողջական բացահայտելու վճռականության մասին գրեթե յուրաքանչյուր օր հնչող հավաստիացումներին:

Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվելուց հետո Մովսես Հակոբյանը մի քանի ժամ միայն գործազուրկ մնաց. նշանակվեց Գլխավոր ռազմական տեսուչ: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Միքայել Հարությունյանը, որը Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո սեփական դիմումի համաձայն հեռացավ: 2008 թվականի մարտի 1-ին Միքայել Հարությունյանը զբաղեցնում էր Պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ բանակը ներգրավված էր Մարտի 1-ի գործողություններին: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, Մովսես Հակոբյանին անգամ հարկ չեն համարել հարցաքննել, ավելին՝ նա շարունակում է պաշտոնավարել: Ավելորդ չի լինի հիշեցնել, որ  Մովսես Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի թիմակից, այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արման Գրիգորյանի բարեկամն է: Գուցե հենց այս հանգամա՞նքն է հանդիսանում Մովսես Հակոբյանի «ալիբին»…

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *