Ո՞ւմ է իրականում երջանկացնում գնաճը…

timthumb (4)

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պնդել է, թե վերջին ամիսներին առաջին սպառման ապրանքների թանկացումը միայն ու միայն երջանկություն է պարգևում մարդկանց: Առաքելյանը հատկապես ուշադրություն է հրավիրել միս արտադրողների ապրումների վրա, որոնք երջանիկ են, քանի որ ստացած շահույթի արդյունքում կարողանում են վարկերը փակել։ Այսինքն, ըստ Իգնատի Առաքելյանի, հայ գյուղացու համար այլևս ուրիշ երջանկություն չկա, քան վարկ փակելը, դե իսկ պետական համակարգն էլ մեծապես նպաստում է դրան` թանկացնում է գները, որ մարդկանց մոտ երջանկության պակաս չզգացվի:
Միս արտադրողը երջանիկ է էսօր, որովհետեւ մսի գինը թանկացել է, նա կարողանում է շահույթ ստանալ, իր վարկերը փակել, մնալ գյուղում, իր երեխային դպրոց ուղարկել, հագուստ գնել, հիմա ի՞նչ եք առաջարկում, չթողնե՞նք, որ լավ ապրի գյուղացին»,– հիմնավորում է գյուղնախարարը և դեռ իր կողմից հավելում, թե թանկացումը կարող է բերել արտադրության զարգացման: Ի դեպ՝ վարկերի մասին: Թերևս գյուղաբնակ մեր քաղաքացիները այդ վարկերը լավ օրից չեն վերցնում, և դա էլ նախարարը քաջ գիտակցում է: Մինչ գյուղնախարարի խոստացած ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ վարկերի տրամադրելը, գյուղացիները վարկեր են վերցնում` նաև գյուղատնտեսական, մինչև 24 տոկոս տոկոսադրույքով, ինչ խոսք՝ այնուհետև մեծագույն երջանկություն և թեթևություն ապրելով այդ վարկերը փակելիս:
Ամեն դեպքում՝ երևի արժե նախարարին տեղեկացնել, որ մսի թանկացման արդյունքում գյուղացիներն ավելի լավ չեն ապրում, ավելի լավ են ապրում միայն խոշոր ֆերմաների սեփականատերերը, անասնակերի խոշոր արտադրողներն ու ներկրողները, մեկ էլ սուպերմարկետների սեփականատերերը, ովքեր գերշահույթներ են ստանում, և որոնց էլ առանձնահատուկ կերպով երջանկացնում են գրանցված թանկացումները:
Ստելլա Խաչատրյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *