Ո՞ւմ հետ կխորհրդակցի Սերժ Սարգսյանը

timthumb (4)

Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը բավական անհարմար վիճակի մեջ է գցել ՀՀԿ-ին: Բանն այն է, որ դրանից մեկ ժամ առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավարը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իշխող քաղաքական ուժը դեռևս չի կողմորոշվել փաստաթղթի չեղարկման ժամկետների հարցում, և սա դեռ քննարկման փուլում է: Նման հայտարարությւն անող հանրապետականների համար պետք է որ մեծագույն զարմանք լիներ մեկ ժամ հետո ՀՅԴ-ական ալիքով Բաղրամյանից ստացված նորությունը՝ արձանագրությունները չեղարկվել են: Այս իրավիճակը հերթական անգամ վկայում է, որ ՀՀԿ որեւէ պաշտոնյա՝ վերից վար՝ տեղյակ չէ Սերժ Սարգսյանի որեւէ հաջորդ քայլի, դրա ժամկետի մասին, եւ Սերժ Սարգսյանն իր քայլերն ու մտադրությունները բացարձակապես չի համաձայնեցնում ՀՀԿ-ի հետ:
Ո՞ւմ հետ և ի՞նչ պետք է քննարկի Սարգսյանը: Այն, որ Հայաստանը դատարկվում է, երկրից 300 հազար մարդ է հեռացել, տնտեսությունը չի աճում, աղքատության մակարդակը բարձրանում է եւ այլն` քննարկման ենթակա չէ։ Սրանք փաստեր են, ընդ որում` արձանագրված պաշտոնական վիճակագրությամբ։ Սարգսյանը ՀՀԿ հետ չի քննարկի անգամ իր ապագա վարչապետության հարցը: Սերժ Սարգսյանը ՀՀԿ Գործադիր մարմնում այդ ո՞ւմ հետ պիտի քննարկի իր թեկնածությունն առաջադրելու հարցը։ Միայն թե չասեք` «օրինակ, Գալուստ Սահակյանի»։ «Դասականը» կասեր` «իյա, իրո՞ք»։ Կամ գուցե Էդուարդ Շարմազանովի ու Կարեն Ավագյանի հե՞տ պիտի քննարկի։ Պատկերացրեցիք, չէ՞ վիճակը։ Ասենք` Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում եւ ասում. «Ես կարծում եմ, որ հենց ես պետք է առաջադրվեմ վարչապետի պաշտոնում։ Կարեն, դու ի՞նչ կարծիքի ես»։ Այսինքն` Սերժ Սարգսյանը ՀՀԿ Գործադիր մարմնում «քննարկելու չունի»։ Այդ կառույցում բոլորը սպասում են, թե ինչ կասի Սերժ Սարգսյանը, որից հետո բոլորն աշխուժորեն «քննարկում են», թե որքան իմաստուն էր շեֆի որոշումը։
Նման քաղաքականությունը տեղավորվում է Հայաստանում իշխանության ձեւավորման կամ վերադասավորման այն գործընթացի մեջ, որը սկսել է Սերժ Սարգսյանն ու փորձում է առաջ տանել, եւ որի առավելագույն նպատակը 2018 թվականից հետո որպես վարչապետ մնալն է, իսկ նվազագույնը՝ ՀՀԿ միջոցով ստվերային իշխանություն պահելը եւ կուսակցական համակարգի միջոցով ապակենտրոնացված իշխանական համակարգի վրա ազդեցությունը պահպանելը, դե ֆակտո՝ կառավարելը: Այդ գործում շատ կարեւոր են ոչ միայն իրավա-քաղաքական, կազմակերպա-կառուցվածքային լուծումները, սերնդափոխության ֆիզիկական կամ ինտելեկտուալ իմիտացիաները, այլ նաեւ հոգեբանական կողմը: Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել իր իշխանության ձեւավորմանը, իրեն զգալիորեն ենթակա համակարգի կազմավորմանը: Կստացվի, թե ոչ, հանրությունը թույլ կտա, ի վիճակի կլինի դիմադրել այդ գործընթացին, թե ոչ՝ այլ խնդիր է: Ակնհայտ է, որ Սարգսյանն իր առաջ դրել է այդ խնդիրը եւ փորձում է գնալ անշեղորեն: Եվ այդ ճանապարհին իրենից ամբողջությամբ կախման մեջ գտնվող համակարգի հետ խորհրդակցելը Սարգսյանի համար ընդամենը ժամանակի կորուստ է:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *