Ո՞ւմ փողերով է Տարոն Մարգարյանը կառուցելու «Հին Երևանը»

timthumb

Երեկ Երևան քաղաքի ավագանին ընդունեց քաղաքի՝ 2018-2022 թթ. զարգացման ծրագիրը, որն, ինչպես նախորդները, լի է քաղաքի զարգացման մասին պաթետիկ նախադասություններով և իրականությունից հեռու ցանկություններով:

Դրանցից աչքի է զարնում հատկապես առաջարկվող «Երևանյան պողոտա» պատմական Երևանի դիմագիծը ներկայացնող ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում մշակութային զբոսաշրջությունը:

«Երևանյան Պողոտա» ներդրումային ծրագրով նախատեսվում է կառուցել նոր ճարտարապետական համալիր Երևանի բուսաբանական այգու հարակից տարածքում, որը կզբաղեցնի շուրջ 1.4 հա տարածք և կունենա թամանյանական ճարտարապետության բնորոշ մոտեցումներով կառուցված շենքեր, փողոցներ, հրապարակներ, կանաչապատ տարածքներ: 

Տուրիստներին Երևան կանչող  հաջորդ մեգանախագիծն, ըստ ծրագրի, «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի ստեղծման քաղաքապետարանի ցանկությունն է, որով նախատեսվում է  Երևանի Աբովյան, Փ.Բյուզանդ, Ե.Կողբացի և Արամի փողոցներում վեր խոյացնել Հին Երևանը:

Այստեղ է, որ հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս են վերստեղծելու «Հին Երևան»ը, երբ  տարիներ շարունակ քաղաքապետի որոշմամբ կամ թողտվությամբ քանդվում են Երևան կանչող պատմամշակութային կոթողները:

Տարբեր տարիների ընթացքում Երևանում ոչնչացվել է 29 պատմամշակութային հուշարձան-շենք, քանդվել է ՀՀ օլիմպիական կոմիտեի պատմամշակութային հուշարձան շենքը, որի փոխարեն կառուցել են էլիտար շենք: «Երազ» ավտոմեքենաների գործարանի տեղում ևս նոր  բնակելի թաղամաս կառուցվեց: Մինչև հիմա անհայտ է Երիտասարդական պալատի ճակատագիրը: Թե քանդված «Կուկուռուզնիկի» տեղում որ ներդրողն ինչ է կառուցելու, շարունակում է մնալ անհայտ և նման ճակատագրի արժանացած շենքերի ցանկը շատ է: 

Երևանի քաղաքապետարանը, որդեգրած քաղաքականության համաձայն՝ քաղաքի ամենակարևոր և արժեքավոր հատվածները հանձնում է մեծահարուստներին, և հիմա, փաստորեն, հասկացել է, որ սուպերմարկետ կամ ռեստորան ունենալու փոխարեն՝ մեր արժեքն ավելի ծանրակշիռ կլիներ, եթե այդ արժեքավոր հինը ոչ թե ոչնչացներ, այլ՝ պահպաներ:

Եվ հիմա հարց է առաջանում «Հին Երևանն» ինչպե՞ս են վերակառուցելու, ի՞նչ գումարներով՝ քաղաքի բյուջեի՞, թե՞ ներդրողների: Պակաս կարևոր չէ հարցը, թե ովքեր են լինելու պատմամշակությաին շինությունները վերակերտող ճարտարապետներն ու որ շինընկերություններին է բաժին հասնելու այդ կարևոր առաքելությունը: Նրանք կընտրվեն մրցույթո՞վ, թե՞ ծանոթ-բարեկամ սկզբունքով: 

Այս հարցերին ծրագրերը ներկայացնողները դեռ պետք է պատասխաններ տան, որոնց երևանցինները սպասում են, բայց այն, որ քաղաքի զարգացման ծրագրում  «Հին Երևան» ունենալու ցանկություն կա, արդեն լավ է, մնում է քաղաքապետարանը հավատարիմ մնա տված խոստամանը և գտնի այնպիսի մարդիկ, ովքեր գործից գլուխ կհանեն, թե չէ՝ կստացվի՝ «ունքը սարքելու տեղ՝ աչքն էլ կհանեն»: 

Աղավնի Սուքիասյան 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *