Ո՞ւր է ՀՅԴ-ն

ՀՅԴ

Այս ամառը Շիրակի մարզի համար չէ, հեղեղից ավերվեց Արթիկը: Մարդիկ պնդում են, որ Կառավարությունն անհրաժեշտ միջոցներ չի հատկացրել, աղետի հետևանքներն ամբողջովին վերացված չեն: Քաղաքից չհեռացված ջրակույտերում, ավերակների տակ մնացել են սատկած կենդանիներ, քաղաքում առկա է խոլառայի վտանգ:

Մարդիկ հուսահատ են նաև Շիրակի մարզի Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս գյուղերում:Հուլիսի 4-ին տեղացած կարկուտը գյուղացիների քրտինքը ջուրը լցրեց, բերքը փչացավ:

Գյուղացիներին մնաց պարտքերը, գյուղապետարանից վերցրած փողերը, բանկերից ստացած վարկերը: Մարդիկ հույս ունեին իրացնել գյուղատնտեսական մթերքը, մարել պարտքերը, ձմեռն էլ մի կերպ յոլա գնալ: Հիմա պարզ է, որ պարտքերի մարման հույսը մարել է, և մարդիկ նույնիսկ չէին սպասել, մինչև աշխատանքային օր գա, որ պետական մարմինները աշխատեն ու բոլորով հուլիսի 5-ին մեկ ժամով փակել էին Գյումրի տանող ճանապարհները:

Երեք համայնքի բնակիչները հույս ունեն, որ մարզպետարանում, Կառավարությունում կնկատեն իրենց կորուստները և ինչ-որ կերպ կփոխհատուցեն:

Գուցե ինչ-որ գումար գյուղացիները ստանան, բայց արթիկցիների պես դժգոհ են մնալու, որովհետև որպես կանոն, բնական աղետի վնասի չափը և Կառավարության սուղ հնարավորությունները համարժեք չեն լինում: Կարկուտի դեպքում տեղին է գլոբալ հարցադրում կատարել, հարկ կա, որպեսզի Կառավարությունը պայքարի ոչ թե աղետի հետևանքների դեմ, այլև կանխարգելիչ գործողություններ կատարի, օրինակ ո՞ւր են հակակարկտային կայանները, ո՞ւմ մեղքով դրանք չկան:

Վստահ եմ՝ նման կարկուտներ և ավերածություններ առաջին անգամ չէ, որ լինում են:

Եվ վերջում՝ կոնկրետ կուսակցության քաղաքական պատասխանատվության մասին: Թե հեղեղը, թե կարկուտը տեղացել են Շիրակի մարզում, որը ղեկավարում է դաշնակցական գործիչ: ՀՅԴ անդամ է նաև տարածքային կառավարման նախարարը: Մինչև ՀՅԴ-ի կառավարություն վերադառնալը գործադիրը դարձյալ թափթփված էր գործում, անտարբեր մարդկանց հոգսերի հանդեպ: Այդ ժամանակ դաշնակցական պատգամավորներն արդարացիորեն քննադատում էին կառավարությանը, հիմա դաշնակցակաները կառավարության մաս են, որը դարձյալ թափթփված է գործում և անհաղորդ է մարդկանց ցավերին:

ՀՅԴ-ն լռում է, որովհետև խնդիրը թերևս յուղոտ պատառին տիրանալն էր, իսկ մարդիկ իրենց վշտերով և հոգսերով թող սպասեն նոր առաքյալների ու նոր խոստումների:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *