Ո՞ւր է 500 միլիոն դրամը

timthumb (1)

Շիրակի պետական համալասարանում կրքերը չեն հանդարտվում: Երեկ սկսված դասադուլը շարունակվում է նաև այսօր: Մեզ հետ զրույցում  ՇՊՀ-ի դասախոս  Գագիկ Համբարյանը նշեց, որ  թեև այսօր համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը լրատվամիջոցներով հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները, սակայն ինքը շարունակում է պնդել արդեն ասած խոսքերը. պատրաստ նաև ներկայացնել նաև ասածն ապացուցող  փաստեր. «Նա փորձում է չքմեղանալ իր 500 հազար դրամ աշխատավարձով, չի խոստովանում, որ ինստիտուտի բժիշկը ստանում է 250 հազար դրամ աշխատավարձ, չի խոստովանում որ ունի երեք վարորդ, ովքեր ավելի շատ են ստանում, քան դասախոսները, չի ընդունում, որ վերջերս գնումների բաժնում ընդունել է 10 նոր աշխատակից և չգիտես թե այդ 10 հոգով ինչ են անելու»,-ասաց Համբարյանը՝ շեշտելով, որ դրանք անհերքելի փաստեր են, որոնք էլ հիմք են դարձել ԲՈւՀ-ում մեկնարկած դասադուլի համար:

Մեր զրուցակցի խոսքով՝ ռեկտոր Սահակ Մինասյանը ԲՈւՀ-ում սկսել է լայնածավալ շինարարական աշխատանքներ, որոնց համար հսկայական գումարներ է վատնում. «Ինքը հերքում է նաև, որ 100 միլիոն դրամ է ծախսել վերանորոգումների, 25 միլիոն դրամ՝ ԲՈւՀ-ի սրճարանի կառուցման համար և սա այն պարագայում, երբ հայաստանյան բոլոր ԲՈւՀ-երը, գիտակցելով, որ եկող 2018-ը լինելու է ճգնաժամային տարի, դիմում են խնայողությունների»: 

Գագիկ Համբարյանը նշում է, որ ԲՈւՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանը նախորդ ռեկտորից անցյալ տարի իր պաշտոնը ստանալու պահին ժառանգել է հսկայական գումար, ինչը պարզապես վատնում է. «Երբ անցյալ տարի նախկին ռեկտորից Մինասյանը ժառանգեց  ԲՈւՀ-ը, նախկին ռեկտորը բացահայտ հայտարարեց, որ Սահակ Մինասյանին է թողնում 500 միլիոն դրամ գումար և հույս հայտնեց, որ այդ գումարը կծախսվի ըստ անհրաժեշտության, իսկ Մինասյանը, եկած-չեկած՝ սկսել է շինարարական աշխատանքներ, որի հետևանքով, պարզվում է՝ այժմ ԲՈւՀ-ն ունի ֆինանսական խնդիրներ»:

Նշենք, որ  դասադուլները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև ԲՈւՀ-ի ռեկտորը չչեղարկի դասախոս Հովհաննես Խորիկյանին աշխատանքից ազատելու որոշումը:

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *