Ողբ ու կական՝ փոշիացող միլիոնների ֆոնին…

սերգո

Որքան էլ տհաճ լինի խոստովանելը՝ փաստը մնում է փաստ, որ առաջիկա տարիներին՝ տեսանելի ապագայում, առավելագույնը, որ մեզ կարող է հաջողվել, ինչ-որ չափով զարգացած գյուղատնտեսական երկիր դառնալն է: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, մեր արտահանումը, բացի օգտակար հանածոներից, հիմնականում հիմնված է գյուղատնտեսական արտադրանքի վրա, ինչի պահանջարկը, գոնե ներկայիս դրությամբ, աշխարհում զգացվում է:

Բայց արի ու տես՝ մենք ոչ միայն չենք շտապում զարգացնել արդյունաբերությունն ու խուսափել ապագայում բացառապես ագրարային տնտեսության վրա հիմնված երկիր ուենալու տխուր հեռանկարից, այլև չենք կարողանում նույնիսկ բարենպաստ պայմաններ ստեղծել՝ գոնե գյուղատնտեսությունը զարգացնելու համար. մեզ այդպես էլ չի հաջողվում ոչ միայն դառնալ տարածաշրջանում զարգացած գյուղատնտեսությամբ առաջատար երկիր’ նույն եվրասիական համընդհանուր շուկայում գտնելով մեր հաստատուն տեղն, այլև ոչ մի կերպ չենք կարողանում բավարարել անգամ ներքին պահանջարկն ու ստիպված ենք վերածվելու թուրքական գյուղմթերքի սպառման շուկայի’ փաստելով՝ այնքան անկազմակերպ ենք, որ անգամ համապատասխան քանակի վարունգով կամ լոլիկով չենք կարողանում ինքներս մեզ ապահովել:

Իսկ նման տխուր իրավիճակը, անկասկած, պայմանավորված է ոչ միայն մարդկային գործոնով, այլև՝ եղանակային, երբ հանկարծ մի քանի ժամում հորդառատ անձրևի կամ կարկուտի պատճառով գյուղացու ողջ տարվա աշխատանքը կարող է ջուրն ընկնել, ոչնչանալ. կարկուտը Հայաստանի գյուղատնտեսության թիվ մեկ թշնամին է դարձել, ինչը, անկասկած, պայմանավորված է նախևառաջ մեր ապիկարությամբ՝ կառավարելու բնության տարերքը, մի բան, որ վաղուց իրագործելի է քաղաքակիրթ երկրներում:

Աշխարհում’ գոնե դրա զարգացած հատվածում, անձրևն ու կարկուտը վաղուց արդեն գերխնդիրներ չեն. դրանց դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ կան, որոնցից ամենամատչելին ու մեզ հարմարը, թերևս, հակակարկտային կայանքներն են, որոնք, սակայն, ինչպես կյանքն է ցույց տալիս, չափազանց մեծ դժվարությամբ են դառնում մեր իրականության մասնիկն, ինչի արդյունքում էլ ունենում ենք այն, ինչ ունեցանք օրերս, երբ հուլիսի 10-ից 11-ի ուժգին կարկուտի հետևանքով հողին հավասարվեց բազմաթիվ գյուղերի ողջ բերքը. ամենաշատը, թերևս, տուժել են Արմավիրի, Արագածոտնի մարզերը:

Մեզ ինչ հիշում ենք, Հայստանում գյուղատնտեսության զարգացման համար պատասխանատուները, օրինակ՝ նույն Սերգո Կարապետյանը, խոսում է Հայաստանում զարգացած գյուղատնտեսություն ստեղծելու, երկիրն ու աշխարհը հայկական արևահամ բերքուբարիքով լիացնելու անհրաժեշտության մասին: Հիմա ցանկանում ենք մի հարց տալ նախարարին՝ որքանո՞վ է հաճելի այս իրավիճակը, որքանո՞վ է հանդուրժելի գրեթե ամեն տարի այն ողբն ու կականը, որ լսելի են դառնում հայկական գյուղերում…

Ամեն անգամ, երբ խոսք է լինում հակակարկտային կայանքների տեղակայման, դրանց’ բավարար թվով
Հայաստան ներմուծման կամ թեկուզ դրանց կից նաև ցանցային պաշտպանություն կիրառելու մասին, առաջին հակաճառությունը, որ հնչում է ոլորտի չինովնիկների կողմից, լինում են միջոցների անբավարար լինելու մասին պատմող հեքիաթները, որ, անկեղծ ասած, ոչ մի վստահություն չեն ներշնչում այլևս:

Ընդամենը մի քանի միլիոնի պամություն է, ոչ ավելին, գումար, որ անհրաժեշտության դեպքում, անկասկած, հնարավոր կլինի հայթայթել, ինչը, սակայն, չի արվում, մինչդեռ գաղտնիք չէ, որ միլիոնավոր դոլարներ են ամեն տարի փոշիացվում, լափվում, թալանվում. Հայաստանն անտարբերության զոհ է՝ չինովնիկների անտարբերության:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *