Ոչ մեկ մեզ բանի տեղ չի դնում. Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլը շարունակում են

timthumb (1)

«Ոչ մեկ մեզ բանի տեղ չի դնում: Երեկ տրանսպորտի փոխնախարարին ենք հանդիպել, ասեց լավ կլինի, գնացեք, վաղվանից գիծը մաքուր կլինի, ապօրինի գազելներն էլ չեն լինի, բայց այսօր էլի բան չի փոխվել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասացին Կառավարության դիմաց՝ արդեն մոտ մեկ շաբաթ բողոքի ակցիա իրականացնող Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի վարորդները:

Նրանց խոսքով՝ բնակիչները ևս չեն բողոքում իրենց գործադուլից, ինչը նշանակում է, որ ապօրինի փոխադրամիջոցների վարորդները բնակիչներին տեղափոխում են Արմավիրից Երևան, իսկ իրենց՝ օրինական սպասարկող վարորդների վրա, ծիծաղում:

«Մինչև նախարարը գրություն չտա, որ ապօրինի փոխադրամիջոցները վերանալու են և այլևս չեն խանգարելու մեզ, մենք այստեղից ոչ մի տեղ չենք գնա: Բնակիչները ուզեն, թե չուզեն պիտի գնան անօրինական գազելներով, մենք նրանց չենք մեղադրում, բայց այդ գազելների վարորդները ուրախանում են ու ծիծաղում մեզ վրա: Բա ու՞ր մնաց օրինականությունը և արդարությունը»,- նշեցին վարորդները:

Հարցին, թե արդյո՞ք Արմավիրի մարզպետը և քաղաքապետը ևս չեն անդրադառնում իրենց բողոքին, վարորդները պատասխանեցին.

«Չէ, շատ էլ պետք է, որ հետաքրքրվեն կամ խառնվեն: Կառավարության դիմաց ենք հավաքվում արդեն մի քանի օր է, ո՞վ է դուրս գալիս հասկանա, թե վարորդներն ինչի՞ համար են հավաքվում, ի՞նչ է ուզածները: Մենք չենք ուզում խաբված լինենք, մեզ ասում են գնացեք լավ կլինի, բայց ոչ մի արդյունք: Մենք հարկ մուծելով ենք աշխատում, իսկ ապօրինի երթուղիների վարորդները ո′չ հարկ են մուծում, ո′չ էլ իրենց նեղող կա, թե ինչի՞ հարկ չեք մուծում»,- ասացին վարորդները՝ նշելով, որ չեն դադարեցնելու իրենց բողոքն ու գործադուլը մինչև չհանդիպեն վարչապետին:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *