Ովքեր են Երևանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդները

timthumb (8)

Սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ:

Քարոզարշավը կսկսվի սեպտեմբերի 10-ից և կտևի մինչև սեպտեմբերի 21-ը:

Նշենք, որ  Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտ է ներկայացրել 13 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք:

Ստորև ներկայացնում ենք այդ քաղաքական ուժերի ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածուներին, նրանց անցած ուղին:

Եվ այսպես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով: Ընդհանուր ցուցակում 170 թեկնածու կա:

Այս ուժի քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցությանն անդամակցած դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ Հայկ Մարությանն է, ով հանրությանն առավել հայտնի է Կարգին Հայկո անունով: Վերջինս հայտնի է «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ» և մի շարք այլ մանրապատումներից և ֆիլմերից: Նա 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատում է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալա Բալա Նիցա»։ Նաև մասնակցել է բոլոր նախագծերում՝ որպես դերասան։

Արդեն 2018 թվականի մայիսից սկսած` քաղաքապետի թեկնածուն բուռն մասնակցություն է ունեցել Հայաստանի «Քայլ արա» շարժմանը: Ի դեպ, թավշյա հեղափոխության օրերին ակտիվորեն քննարկվում էր, որ Հայկ Մարությանն ամենուր ուղեկցում է Նիկոլ Փաշինյանին, եւ որ նա պաշտոնի է հավակնում:

Նշենք, որ մինչ այդ ‪Հայկ Մարությանն ակտիվ մասնակցություն է ունեցել «Չեմ վճարելու 150 դրամ», «Էլեկտրիկ Երևան»‬ բողոքի ակցիաներին:

Հայկ Մարությանը 42 տարեկան է, ամուսնացած է ազգությամբ չեխ կնոջ հետ, ունի երկու երեխա: Մասնագիտությամբ ինժեներ է: 1997-1998 ծառայել է ազգային անվտանգության հատուկ մարտական ստորաբաժանումում:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող հաջորդ ուժը «Լույս» դաշինքն է, որի կազմում են «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Նշենք, որ «Լույս» դաշինքում կա 111 թեկնածու:

Ցուցակը գլխավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության գործող նախարար, ՀՀ կուսակցական-քաղաքական գործիչ, «Հանրապետություն» կուսակցության անդամ, Փաստաբանների պալատի պատվավոր անդամ  (2009), Արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական  կազմակերպության հիմնադիր անդամ (1993), «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Քաղաքապետի այս թեկնածուն 49 տարեկան է, ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ: Ստացել է վիրաբույժի, առողջապահության կազմակերպչի, իրավագետի կրթություն:

Ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ԱԺ-ում սուր ելույթներով աչքի ընկնող պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Մասնագիտությամբ ժուռնալիստ է և թատերագետ: Աշխատել է մի քանի թերթերում որպես լրագրող, քաղաքական մեկնաբան, ինչպես նաև հեռուստաընկերությունում որպես քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող:

Նաիրա Զոհրաբյանը 53 տարեկան է: Այրի է, ունի մեկ դուստր:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի 195 թեկնածուով:

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն  հայ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար (1991-1992) և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն է: Ցուցակում ընդգրկված է ավագանու ավելի քան 50 թեկնածու։

2013 թվականի մասնակցել է նախագահի ընտրություններին, սակայն չընտրվեց։ Չհամաձայնելով արդյունքների հետ՝ սկսեց հետընտրական բողոքի ակցիաներ կազմակերպել, որոնք ստացան «Բարևի հեղափոխություն» անվանումը։

Քաղաքապետի այս թեկնածուն 59 տարեկան է, ամուսնացած է, ունի հինգ երեխա:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող հաջորդ ուժը «Երկիր Ծիրանի»-ն է:

56 հոգուց բաղկացած ցուցակը գլխավորում է քաղաքական գործիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանը 46 տարեկան է: Ամուսանացած է, ունի չորս երեխա:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է: Կուսակցությունը ներկայացրել է 77 հոգանոց ցուցակ:

Ավելի վաղ ՀՅԴ-ն առանց թեկնածուի անունը հրապարակելու, տեղեկացրել էր, որ կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հանդես է գալու «Միասին` հանուն Երևանի» կարգախոսով։

Նշենք, որ Միքայել Մանուկյանն այժմ Բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահն է, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:

Ծառայել է խորհրդային բանակում, ինչպես նաև Արցախյան ազատամարտի մասնակից է։

Քաղաքապետի այս թեկնածուն 51 տարեկան է: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

«Օրինաց երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին ներկայացված է 115 հոգով: Ցուցակը գլխավորում է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Ծառայել է խորհրդային բանակում: Մենեջմենթի, մարքեթինգի և բանկային գործի մասնագետ է, փիլիսոփա, քաղաքագիտության թեկնածու:

Շահգելդյանը 51 տարեկան է: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

ՀՀՇ և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները Երևանի ընտրություններին կմասնակցեն «Երևանցիներ» դաշինքով: 53 հոգանոց ցուցակի առաջին համարը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն է: Մանագիտությամբ քաղաքագետ է: Մասնակցել է Արցախյան պատերազմին:

Արարատ Զուրաբյանը 55 տարեկան է, ամուսնացած է:

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի քաղաքապետի թեկնածուն անկուսակցական, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է: Դաշինքի ցուցակում ընդգրված է 47 թեկնածու:

Ճարտարապետական գործունեության ընթացքում Անահիտ Թարխանյանը մշակել է բազմաթիվ նախագծեր։ Առաջին կին ճարտարապետն է, ով նախագծել է հայկական եկեղեցիներ։ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հուշակոթողի նախագծի հեղինակն է։

Մասնակցել Երևանի պատմական շինությունների և հուշարձանների պաշտպանության բոլոր շարժումներին, այդ թվում` Երիտասարդության պալատի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի, Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճի, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Երևանի փակ շուկայի և այլն։

Թարխանյանը 59 տարեկան է: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը ներկայացրել է 33 հոգանոց ցուցակ, որի առաջին համարը Մանուել Գասպարյանն է:

Նշենք, որ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն ընդգրկված է եղել ՀԱԿ դաշինքի կազմում: Կուսակցության հիմնադիրը ԱԺ նախկին պատգամավոր Մանուկ Գասպարյանն է, որի մահից հետո կուսակցությունը գլխավորում է նրա որդին՝ Մանուել Գասպարյանը:

Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն (ՀԺԱՄ) կուսակցության քաղաքապետի թեկնածուն Գևորգ Սանդալյանն է: Ցուցակում կա 26 հոգի:

Ռեֆորմիստների կուսակցության ցուցակում ներկայացված է 29 հոգի: «Ռեֆորմիստներն» ընտրություններին մասնակցելու են «Կանաչ Երևանը» կարգախոսով, իսկ համամասնական ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր Արտակ Ավետյանը:

Քաղաքապետի թեկնածուն 42 տարեկան է: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

«Հայք» (Հայկազուններ) կուսակցության քաղաքապետի թեկնածուն Գևորգ Հովսեփյանն է:

Ցուցակում ներկայացծված է 59 թեկնածու:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *