Ովքեր են փոխարինել պաշտոնից ազատված նախարարներին

timthumb (2)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով նախագահն աշխատանքից ազատել է ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական նախարարներին: Նկատենք, որ ներկայիս կառավարությունում վերջիններիս տեղը զբաղեցրել են նորերը:

Եվ այսպես, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանին փոխարինել է Հակոբ Արշակյանը։ Նա այս տարվա մայիսի 17-ին, նշանակվել էր նախարարի առաջին տեղակալ, իսկ այժմ՝ նույն գերատեսչության նախարար:

Հակոբ Արշակյանը 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ: 2015 թ.-ից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ է: 2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:

Նորանշանակ նախարարը 33 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու դուստր: 2003-2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանի փոխարեն նախարարի պաշտոնում նշանակվել է Գարեգին Բաղրամյանը: Նա նույն նախարարությունում փոխնախարար էր նշանակվել այս տարվա հունիսի 11-ին:

Նա 41 տարեկան է, անկուսակցական: Ամուսնացած է, ունի որդի: Հաշվառված է պահեստազորում: 2003թ.-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է:

Կարող է ես ավելի շուտ դուրս գամ ՀՀԿ-ից, քան ինձ կհեռացնեն. Ֆելիքս Ցոլակյան

Արտակարգ իրավիճակների նախարար, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանի պաշտոնը կզբաղեցնի Ֆելիքս Ցոլակյանը: 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Ցոլակյանը զբաղեցրել է մի շարք պաշտոններ: Մասնավորապես, 2007 թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին եղել է ՀՀ նախագահի խորհրդական։ Նույն թվականի նոյեմբերի 1-ին նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ 2013 թ. մարտի 7-ին Կառավարության որոշմամբ նշանակվել է Շիրակի մարզպետ: 2016-ի հունիսի 29-ին նշանակվել է Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար: 2017 թ. մայիսի 17-ին Նախագահի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանը ազատվել է Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

Նշենք, որ Ցոլակյանը պատգամավոր էր դարձել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով՝ Շիրակից։ Նա այն պատգամավորներից էր, որը հեղափոխությունից հետո լքեց խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունը: Այս մասին արդեն նախկին պատգամավորը հայտարարել էր հունիսի 6-ին՝ նշելով, որ հանդես է գալու որպես անկախ պատգամավոր. «Թերևս, բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը ՀՀԿ խմբակցության հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները»,- գրել էր Ցոլակյանը։

Նորանշանակ ԱԻ նախարարը 66 տարեկան է:

Թե ովքեր ենվերցնելու մյուս նախարարների պորտֆելները, դեռևս հայտնի չէ: Մամուլում շրջանառվում են որոշ անուններ, իսկ թե որքանով են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, պարզ կդառնա շատ շուտով:

Ըստ այդ լուրերի՝ Կառավարության կազմում ՀՅԴ-ից Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին հնարավոր է՝ փոխարինի Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը, որը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից:

Հավելենք՝ դեռևս հայտնի չէ, թե ովքեր են զբաղեցնելու Սպորտի և երիտասարդության նախարար, ԲՀԿ-ական Լևոն Վահրադյանի և Գյուղատնտեսության նախարար, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանի պաշտոնները:

Հիշեցնենք՝ Բաղրամյան պողոտայում հոկտեմբերի 2-ին աղմկահարույց օրենքի ընդունումից հետո, բողոքի ցույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հորդորել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին։ Բանն այն է, որ հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը:

Նշենք, որ օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները։
Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *