Ով է ում «գլխից թռել»

timthumb (13)

Ինչպես հայտնի է՝ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Գյումրիի օրվան նվիրված տոնակատարությանը ներկա չէր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս միայն ուշ երեկոյան ֆեյսբուքի միջոցով շնորհավորեց գյումրեցիներին՝ խոստանալով պատժել աշխատանքը չկատարած և իրեն այդ օրվա մասին չտեղեկացրած անձին:

Իսկ թե ով էր թերացել իր աշխատանքում և ում է պատժելու վարչապետը, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանից: Վերջինս,  սակայն, նշեց, որ եթե հարկ լիներ՝ վարչապետն ինքը կբարձրաձայներ դրա մասին. «Վարչապետի գրածով այդ թեման փակված է: Գուցե վարչապետը գիտի՝ ով է նա: Նա հարյուրավոր պաշտոնայների հետ շփվում և բացատրություն է պահանջում, շատ դեպքերում անձը ձեզ հայտնի չի լինում, բայց դա չի նշանակում, թե վարչապետին էլ հայտնի չէ»,- պարզաբանեց Եղոյանը՝ ամեն կերպ խուսափելով հստակ պատասխան տալ: Գուցե նա ևս իր խոսքը չէր համաձայնեցրել վարչապետի հետ և փորձում էր շրջանցել՝ անուններ չհնչեցնելու և իրավիճակն ավելի չբորբոքելու համար:

Կարծում ենք, որ վարչապետին տեղեկացնելը աշխատակազմի պարտականությունը պետք է լիներ: Չէ՞ որ ցանկացած հարցերով հենց նրանք են զբաղվում, անգամ որոշում վարչապետի տվյալ օրվա հագուստի յուրաքանչյուր դետալ, ինչպե՞ս կարող էին թերանալ նման կարևորագույն հարցում:

Հետաքրքիր է, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ Գյումրիի օրվան նվիրված միջոցառումների մասին իմացել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով այնտեղ էր պաշտոնական այցով, իսկ վարչապետը՝ ոչ: Ուստի, չի բացառվում, որ հենց նա էլ պատժվի վարչապետի «գլխից թռնելու» համար: Բայց, միևնուն ժամանակ, զարմանալի է, որ Միրզոյանը ևս «մոռացել» էր Փաշինյանին հիշեցնել օրվա «խորհրդի» մասին, հատկապես այն ժամանակ երբ օգտվում էր «ադաթով» բացված հյուրընկալ սեղանից և համտեսում Գյումրվա հայտնի քյալլան ու մի բան էլ խոստանում, որ «Գյումրվա յոլ ու ղայդով քյալլա ճաշակելու համար» առաջիկայում անպայման կայցելի Գյումրի:

Զավեշտալի է նաև այն, որ գյումրեցիների հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չեկավ Գյումրի, գյումրեցիները շատ սպասում էին իրեն, Միրզոյանը պատասխանել է, թե վարչապետը շատ է սիրում Գյումրին և խնդրել է իր սերն ու շնորհավորանքը փոխանցել։ Այնուհետև, ավելացրել է, որ Փաշինյանը մեկ օր առաջ է վերադարձել մի քանի օր տևած գործուղումից և շատ կուտակված աշխատանքներ կային, այդ իսկ պատճառով շտապել է կառավարություն. «Վստահ եմ, որ ֆիզիկապես ներկա չլինելը ոչ մի բան չի նշանակում»,- ընդգծել է փոխվարչապետը։
Նկատենք, որ գրեթե ամբողջ օրվա ընթացքում Փաշինյանը չհնչեցրեց այդքան սպասված շնորհավորանք ու բացատրություն չտվեց, դրան անդրադարձավ միայն ուշ երեկոյան. «Անկեղծ ասած՝ միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է՝ ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ: Չնեղվե՛ք, իմ հարազատ գյումրեցիներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետը:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *