Որտե՞ղ է թաղված կոռուպցիայի գլուխը

timthumb (1)

Առաջին լրատվականին տված հարցազրույցի ժամանակ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը անչափ ուշագրավ պատասխան է տվել լրագրողի հարցին՝ համաձա՞յն է արդյոք, որ մինչ այս՝ ներման ինստիտուտը բավական ստվերային է եղել, և այդտեղ առկա են եղել կոռուպցիոն ռիսկեր: «Ցանկացած երկրում, ցանկացած գործառույթում կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել։ Դրա համար մենք օրենքն այնպես ենք գրել, որ նվազագույնի հասցվի կոռուպցիան։ Բայց ուզում եմ կրկնել, որ ներումը բացառապես հայեցողական ինստիտուտ է, և կոռուպցիոն ռիսկեր կան»,-ասել է փոխնախարարը:
Այս հայտարարության մեջ տարօրինակն այն հակասությունն է, որն ի հայտ է գալիս Քրմոյանի և նախարար Հարությունյանի հնչեցրած գնահատականների միջև: Եթե նախարարը որևէ կոռուպցիոն ռիսկ այստեղ չի տեսնում և գտնում է, որ օրենքը եւս մեկ քայլ է դեպի ժողովրդավարություն, Քրմոյանն ասում է ճշմարտությունը, կամ՝ թռցնում լեզվից այն, ինչն այսպես թե այնպես՝ հասկանալի է: Մնում է հասկանալ՝ փոխնախարարը կանխամտածվա՞ծ է նման գնահատական հնչեցնում իր վերադասի կատարած «տիտանական» աշխատանքին, թե՞ պարզապես թույլ է տվել հայրենի պաշտոնյաներին այնքան բնորոշ սայթաքումներից մեկը:
Այդ ներման ինստիտուտը այնքան ստվերային, աղավաղված, անհասկանալի եւ գործողության մեջ այնքան արատավորված ու վարկաբեկված է, որ հանրության գերակշռող մեծամասնության, փաստաբանների ու իրավապաշտպանների համար ոչ մի տարբերություն չկա, թե այդ անվերահսկելի լծակը նախագահի ձեռքում կհայտնվի, վարչապետի՞, թե՝ մեկ ուրիշի: Ներման նոր ինստիտուտի ներդրումից հետո, բացի այս երկու՝ նախագահի եւ վարչապետի ինստիտուտներից, որոնք այժմ փորձելու են քաշքշել իրարից այդ լծակը, այլևս ոչ մեկին չի էլ հետաքրքրում, թե ով է ներում շնորհողն այդ երկուսից: Կարևորը, թե ում են շնորհելու այդ ներումը, և հենց այստեղ է թաղված կոռուպցիայի գլուխը, որի մասին այդքան անկեղծորեն նշեց փոխնախարարը:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *