Որքանո՞վ է հավանական Իրանից Հայաստան բնական գազի մատակարարումը

timthumb (2)

Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է Իրանից բնական գազ գնել, քանի որ իրանական կողմն առաջարկում է ավելի էժան գազ, քան ռուսականն է: Դրանից բացի, Իրանից ներքին սպառման համար կարող է գազ գնել նաև Վրաստանը։ Թե որքանո՞վ է հնարավոր, որ Հայաստանն Իրանից բնական գազ գնի, որքանո՞վ դա թույլ կտա ռուսական կողմը, արդյո՞ք Իրանի նպատակն առավել մատչելի գնով գազ մատակարելն է, որքանո՞վ է հնարավոր, որ Իրանը Հայաստանի միջոցով գազ մատակարարի Վրաստանին, այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:

«Հայաստանն ու Իրանն ունեն գազի և էլէկտրաէներգիայի գործարք, որի շրջանակներում հայկական կողմը ստանում է իրանական գազ և Իրանին տրամադրում այդ գազերի հիման վրա արտադրված էլեկտրաէներգիա։ Ներկայում կառուցման փուլում է գտնվում Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը, որի շահագործումից հետո իրանական գազի ծավալը, ոլորտի փորձագետների գնահատմամբ, 3-5 անգամ կավելանա»,- ասաց իրանագետը:

Խոսելով իրանական գազի վաճառքի մասին, Ոսկանյանը նշեց, որ գոյություն ունի մեկ ձևաչափ՝ Հայաստան-Վրաստան-Իրան, որի հիման վրա արդեն իսկ Հայաստանը որոշ քանակությամբ գազ՝ վրացական կողմին վաճառել է, բայց այժմ այդ ձևաչափը չի աշխատում: Հիմա բանակցային գործընթացի մեջ է երրորդ՝ Թուրքմենստան-Իրան-Հայաստան ձևաչափը, որի շրջանակում Թուրքմենստանը գազի որոշակի չափաքանակ է հատկացնելու Իրանին, իսկ վերջինս՝ Հայաստանին: Իրանագետի խոսքով՝ այս ոլորտում ծրագրերը կարևորություն ունեն ոչ միայն տնտեսական առումով. Հայաստանը տարածաշրջանում ձեռք է բերում նաև քաղաքական կշիռ:

Հարցին՝ փաստորեն, հնարավո՞ր է, որ Իրանը Հայայստանի միջոցով Վրաստանին գազ մատակարարի, Ոսկանյանը պատասխանեց․ «Արդեն իսկ իրականացվել է նման գործարք, որի մասին պաշտոնապես տեղեկատվություն կա: Գազամատակարարումն արվում է Հայաստան-Իրան գազամուղի հնարավորություններն օգտագործելով, ինչպես նաև սլոտային տարբերակով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Իրանը հեռահար նպատակներ ունի նաև գազը Եվրոպա հասցնելու և շատ լավ կլիներ, եթե տարանցման հիմնական ուղին լիներ հենց Հայաստանը:

Նշենք, որ դեռևս 2 տարի առաջ, Իրանի կառավարությունը 2 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացրեց Հայաստանին, որով պետք է գազիֆիկացվեր Մեղրին և Ագարակը։ Թեև խողովակաշարերը կառուցվեցին, սակայն մինչև հիմա սպառողները գազ չունեն, իսկ պատճառը մեկն է՝ դա դուր չի գալիս «Գազպրոմ»-ին: Անդրադառնալով ռուսական գործոնին, իրանագետը նկատեց․ «Ակնհայտ է, որ Ռուսաստանը Հայաստանում ունի շահեր գազի ոլորտում, քանի որ այդ շահերն ապահովում է Հայաստանում ռուսական հզոր ընկերությունը՝ «Գազպրոմ»-ը, որն, ըստ էության, ՌԴ-ում նաև պետություն է պետության մեջ, հետևաբար, այդ շահերը հաշվի չառնելը՝ չեմ կարծում, որ խելամիտ կլինի։ Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա սահմանի վրա իրանական գազն անշուշտ ավելի թանկ է, քան ռուսականը»,- ընդգծեց Ոսկանյանը։

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *