Որևէ խոչընդոտ չկար նրան մանկապարտեզի տնօրենի պաշտոնում վերանշանակելու համար. Ալավերդու քաղաքապետ

timthumb

2017թ.-ի փետրվարի 14-ին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնի էր դարձել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզից 4-ամյա երեխա էր փախել, հայտնվել Դեբեդ գետում և խեղդամահ եղել: Փոքրիկի մահից հետո մանկապարտեզի դաստիարակն ու մանկապարտեզի տնօրենը՝ Ռոզա Ավետյանն, ազատվեցին աշխատանքից:

Դժբախտ  դեպքից հետո մանկապարտեզի գործունեությունը դադարեցվեց, իսկ Ալավերդու քաղաքապետարանից էլ տեղեկացրին, որ մանկապարտեզը չի գործի այնքան ժամանակ, մինչև նոր տնօրեն ու դաստիարակ նշանակվեն:

Սակայն հոկտեմբերի 5-ին, Ալավերդու քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամների միաձայն կողմ որոշումով՝ այս մանկապարտեզի տնօրենի պաշտոնում վերանշանակվեց նախկին տնօրենը՝ Ռոզա Ավետյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ալավերդու համայնքապետ Կարեն Փարեմուզյանը նշեց՝ Ռոզա Ավետյանի վերանշանակման հարցում որևէ խնդիր չի տեսնում.

«Դժբախտություն է եղել, բոլորի հետ էլ կարող  է պատահել: Այդ մասով քրեական գործը հարուցվել, ավարտվել է: Այնպես որ, որևէ խոչընդոտ չկար նրան մանկապարտեզի տնօրենի պաշտոնում վերանշանակելու համար»:

Դիտարկմանը՝ Ալավերդիում դժգոհություն չկա՞ Ռոզա Ավետյանի՝ մանկապարտեզի տնօրենի պաշտոնում վերանշանակվելու վերաբերյալ, համայնքապետը պատասխանեց. «Չկա՛ որևէ դժգոհություն, չկա՛ ատելության մթնոլորտ: Ալավերդիում բոլորը հաշտ և համերաշխ են: Քրեական գործը կա, վերջնական վճիռը կա, այնպես որ՝ այդ հարցում որևէ խնդիր չկա և ոչ ոք ապահովագրված չէ դժբախտությունից»,- խոսքը եզրափակեց Փարեմուզյանը:

Հիշեցնենք, որ այս դեպքով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և մեղադրանք էր  առաջադրվել մանկապարտեզի դաստիարակչուհուն: Նախնական տվյալներով՝ դաստիարակչուհին, հաստատությունում իրեն վստահված երեխայի կյանքի անվտանգության ապահովման համար կրելով անձնական պատասխանատվություն, ցուցաբերել է անգործություն և անփութություն, անուշադրության է մատնել իր հոգածությանը հանձնված մանկահասակ երեխային, ինչի արդյունքում վերջինս դուրս է եկել նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքից։ Նույն օրը նրա դին հայտնաբերվել է նշված հաստատությանը կից հոսող Դեբեդ գետի ափին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում` ոտքերով դեպի ափամերձ հատվածը:

Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ չկան, նրա նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ նա ընդունել է առաջադրված մեղադրանքը, տվել խոստովանական ցուցմունքներ, զղջացել կատարած հանցանքի համար և միջնորդել կիրառել դատաքննության արագացված կարգ, տուժողը նրանից բողոք, պահանջ չի ներկայացրել:

Դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է՝ առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու, և նպատակահարմար է գտել նրա նկատմամբ կիրառել ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *