Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հանդիսավորությամբ բացվել է հայոց այբուբենին նվիրված հուշարձան (լուսանկարներ)

Հայրենի սահմաններից դուրս, բայց հնարավորինս մոտ հայրենիքին և ազգային արժեքներին:

Կրկին իր ակտիվությամբ աչքի է ընկնում Ուկրաինայի Զապորոժիեի հայ համայնքը, որտեղ Հայկական մշակույթի օրվա շրջանակներում մեծ հանդիսավորությամբ բացվեց հայկական այբուբենին նվիրված հուշարձան:

Հոկտեմբերի 3-ին բացված համալիրը հայոց այբուբենին նվիրված առաջին հուշարձանն է ամբողջ աշխարհում:

Նկատելի է, որ Զապորոժիեի հայ համայնքը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում՝ միտված հայապահպանությանն ու հայրենասիրական մտքի զարգացմանը: Դա, բնականաբար, շնորհիվ համայնքի միության ղեկավար Արտաշես Սարգսյանի է, ով հաճախ է նոր՝ հավակնոտ ծրագրերով հանդես գալիս և կյանքի  կոչում դրանք:

Հուշարձանի բացման արարողության ժամանակ Զապորոժիեի շրջանի հայերի միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանն ընդգծեց, որ հայոց այբուբենն աշխարհի ամենահին այբուբեններից մեկն է: Հայերը գիր ունեն 405 թվականից:

Հայոց այբուբենի հոշարձանը գտնվում է Հայ առաքելական եկեղեցու տարածքում (Հաղթանակի փողոց, 76): Հանդիսավոր բացմանը ներկա էին կառավարության եւ եկեղեցու, ազգային միությունների ներկայացուցիչներ: Կրոնական տարբեր դավանանքների ներկայացուցիչները խաղաղությանը նվիրված համատեղ կարգ անցկացրին:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին աշխարհի ամենահայտնի հայերից մեկի՝ Շառլ Ազնավուրի հիշատակը, ով կյանքից հեռացավ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում:

Հիշեցնենք, որ ի թիվս սոցիալական, մշակութային, սպորտային միջոցառումների՝ Արտաշես Սարգսյանի հովանավորությամբ կազմակերպվել է նաև «International IT Forum 2018»-ը, որը նպատակ ունի աջակցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների գաղափարների իրականացմանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *