Ուշագրավ փոխատեղում ՀԱՊԿ-ում. ո՞վ է Հայաստանի նոր ներկայացուցիչը

timthumb (11)

Այսօր անսպասելի տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Վիրաբյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին: Նախագահը նաև մեկ այլ պայմանագիր է ստորագրել, որում ասվում է՝ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Վիկտոր Բիյագովին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մոսկվա)».
Այս փոխատեղումը ուշագրավ է երկու պատճառներով, նախ՝ հասկանալի չէ՝ արդյո՞ք Փաշինյանի նախաձեռնած փոփոխության մեջ կա քաղաքական ենթատեքստ: Պատճառները, որոնք դրդել են պաշտոնական Երևանին դիմել նման քայլի՝ չեն բարձրաձայնվում: Սակայն Բիյագովին անգամ մեծագույն ցանկության դեպքում չես անվանի Փաշինյանի թիմակից: Նա երկար տարիներ զբաղեցրել է ազգային ժողովի աշխատակազմի՝ Արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը: Նույնիսկ այն ժամանակ, երբ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի առողջությունը ներում էր մի 15 րոպե նստել ԱԺ նախագահի աթոռին, խորհրդարանում գիտեին, որ բոլոր կարևորագույն որոշումները կայացվում են աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյան և ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագով զույգի կողմից: ԱԺ այն պատգամավորները, որոնք միջազգային խորհրդաժողովի պետք է մասնակցեին կամ չմասնակցեին, պատվիրակությունների կազմում ովքեր պետք է ընդգրվեին և որ հյուրանոցում պետք է գիշերեին՝ այս և ազգային կարևորության նմանատիպ հարցերը որոշվում էր միայն այս մարդկանց կողմից: Բանը հասել էր այնտեղ, որ ԱԺ նախագահի արտասահմանյան այցերի ժամանակ պատվիրակության կազմում պատգամավորներից ընդգրկում էին միայն աշխատակազմի յուրային ներկայացուցիչներին: Այս ամենը նշեցինք ընդամենը փաստելու համար, որ Բիյագովին որևէ կերպ չես համարի Նիկոլ Փաշինյանի կադր, ավելին՝ նա Սերժ Սարգսյանի կադրն է:
Այս և Փաշինյանի մի շարք այլ նշանակումներ վկայում են մի պարզ իրողության մասին՝ առանցքային և ռազմավարական պաշտոններին, որպես կանոն՝ նշանակվում են նախորդ համակարգին ծառայություններ մատուցած գործիչները: Եթե, օրինակ, մշակույթի կամ սփյուռքի նախարարի պաշտոնում Փաշինյանի կարող է նշանակել իր թիմակիցների, ապա կարևորագույն պաշտոնները բաշխելիս փոքր ինչ հապաղում է՝ գործը վստահելով նախկին համակարգի կարկառուն կադրերին: Սա կարծես արդեն օրինաչափություն է դարձել: Բիյագովի նշանակման դեպքում կարող էր որոշիչ լինել նաև ռուսական կողմի հորդորը: ՀԱՊԿ-ում Հայաստանի շուրջ ստեղծված անչափ լարված մթնոլորտը պարպելու համար Փաշինյանը ստիպված է լինելու ընդառաջ քայլ կատարել:Չի բացառվում, որ հենց ռուսական կողմն է ցանկություն հայտնել աշխատել Բիյագովի հետ և Փաշինյանը այս հարցում գնացել է որոշակի զիջման՝ դեկտեմբերի 6-ին իր կողմից առաջ քաշվող պահանջների մասնակի կամ ամբողջական բավարարման համար:
Ս.Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *