Ուսանողները դասադուլը դադարեցրել են, բայց պայմանով

pp

Շիրակի Պետական Համալսարանի՝ դասադուլ հայտարարած ուսանողները ժամանակավորապես դադարեցրել են բողոքի ակցիաներն ու դասադուլը: Նշենք, որ ուսանողները դասադուլ էին սկսել մարտի 16-ից` պահանջելով ետ բերել աշխատանքից ազատված դասախոսներին, որոնց համալասարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հեռացրել էր աշխատանքից:

Թեպետ ուսանողները հայտարարել են դասադուլը դադարեցնելու մասին, սակայն դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի բուհ չվերադառնալու դեպքում պատրաստ են վերսկսել դասադուլը և բողոքի ակցիաները:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին ուսանողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը խոստացան քննարկել առկա խնդիրները, լուծումներ գտնել և հանդիպել նաև առաջիկա շաբաթվա վերջին:

Նշենք, որ շաբաթ օրը, հանդիպման ժամանակ, ուսանողներին դուր չէր եկել հոգաբարձուների խորհրդի նախագահի արտահայտությունը, թե բոլորն են մեղավոր. «Բոլորն են մեղավոր այս ամենի համար, ես էլ եմ մեղավոր, ես վերցնում եմ դա իմ վրա, մեղավոր են բոլորը՝ սկսած ուսանողից, վերջացրած ամենաբարձր դասախոսը»:

Սրան ի պատասխան, հանդիպմանը ներկա ուսանողներից մեկը մեղադրեց թե՛ Լևոն Մկրտչյանին, թե՛ Ֆելիքս Ցոլակյանին՝ ասելով, որ նրանց անտարբերության արդյունքում է ստեղծվել այս իրավիճակը: Ուսանողի ելույթին հետևեցին ներկաների ծափահարությունները:

Ֆելիքս Ցոլակյանն ասել է, որ հոգաբարձուների խորհրդին իրավունք չի տրված ռեկտորի՝ դասախոսներին աշխատանքից ազատելու հրամանը բեկանել. «Եթե դատարանը գտնի, որ ռեկտորը սխալ է, այն ժամանակ էլ մենք ռեկտորին կպատժենք»: 

Նշենք, որ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում դասախոս Գագիկ Համբարյանը նշել էր, որ «այս բեսպրեդելության հեղինակը ՇՊՀ-ի ռեկտորն ու Լևոն Մկրտչյանն են»: Ըստ նրա՝ աշխատանքից իրենց ազատելու պատճառը ամիսներ շարունակ ՇՊՀ ռեկտորի «ապօրինությունների» մասին բարձրաձայնելն է: Բայց հոդվածների մեջ աշխատանքից ազատման պատճառ նշվել է պաշտոնական դիրքը չարաշահելն ու ԲՈւՀ-ի գույքը հափշտակելը:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *