Չեն ստուգում իրենց հաշիվները և գալիս են բողոքելու. Էջմիածինցիների չստացած աշխատավարձերի հետքերով

Capture

Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում չեն դադարում տարբեր առիթներով բողոքի ցույցերն ու ակցիաները:

Մի քանի օրվա մեջ բազմաթիվ ցույցեր են տեղի ունեցել երկրի տարբեր շրջաններում և ամենատարբեր հարցերի շուրջ:

Այսօր բողոքի ցույցի են դուրս եկել «Էջմիածին ՋՕԸ»-ի աշխատակիցները, ովքեր հավաքվել էին ՋՕԸ-ի գլխամասի առաջ և պահանջում էին դեռևս 2016-ից չվճարված աշխատավարձերը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ջրօգտագործման ընկերության տնօրեն Վլադիկ Հովսեփյանը խոսելով աշխատակիցների պահանջների մասին ասաց. «Հիմնարկն աշխատակիցներին պարտք ունի դեռևս 2016-2017 թթ., ինչը կապված է եղել առկա ֆինանսական խնդիրների հետ: Երեկ փոխանցվել է 2016 թվականից մնացած աշխատավաձերի պարտքի հիմնական մասը, ինչպես նաև 2017թ-ից մի որոշ մաս: Այսօր երկրորդ օրն է գործընթացը սկսվել է, մինչդեռ աշխատակիցները չեն ստուգում իրենց հաշիվները և գալիս են բողոքելու»:

Մեզ հետ զրույցում ջրօգտագործման ընկերության տնօրեն Վլադիկ Հովսեփյանն ակնհայտ վրդովված էր: Նա այս պաշտոնը ստանձնել է 2018-ին, և չի հասկանում, թե ինչու են բնակիչներն իրենից պահանջում այն հարցերի պատասխանները, որոնք, ըստ նրա, պետք է տրվեր նախկին տնօրենին:

Նա վստահ է, որ այս բողոքի ակցիաների մեջ «հրահրված միտում կա»:

Զրույցի վերջում, տնօրենն ասաց, որ իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում առաջացած ցանկացած խնդրի վերաբերյալ ինքը պատրաստ է տալ, թե՛ գրավոր, թե՛ բանավոր մեկնաբանություններ, սակայն ինչ վերաբերում է նախորդներին, ինքը փորձում է կուտակված խնդիրներին իր հնարավորության սահմաններում լուծումներ տալ:

Նա նաև ակնկարկեց, որ չի բացառվում՝ աշխատանքից ազատման դիմում ներկայացնի:

Տեսանյութն ու լուսանկարը՝ hetq.am-ի:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *