Պայքարն ուզում են խեղդել, բայց մենք խեղդվողներից չենք. Վոլոդյա Ավետիսյան (լուսանկարներ)

timthumb (5)

Ազատամարտիկ, «Հանուն  Հայաստան պետության ճակատ»-ի խորհրդի անդամ Վոլոդյա Ավետիսյանը նստացույց է սկսել Ազատության հրապարակում։ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ նստացույց սկսելու պատճառներից մեկը Ժիրայր Սեֆիլյանի գործով հրապարակված դատավճիռն է, բացի դրանից, պայքարը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։

«Պայքարում ենք օրենքով պետություն ունենալու համար: Թույլ չտանք` Սերժ Սարգսյանի բռնապետական ռեժիմը վերարտադրվի: Նստացույցը 4 օր է տևելու, սակայն այսօր հանդիպումներ են լինելու տարբեր կուսակցութոյւնների, քաղաքական կազմակերպությունների, անհատների հետ, այնուհետև ժամանակը ցույց կտա, թե ինչպես կշարունակենք:

Պայքարի գաղափարը հետևյալն է՝ Հայաստան առանց քաղբանտարկյալների, որովհետև բռնապետությունում են քաղբանտարկյալ լինում: Երեկ տղաներից մեկին տարել են ոստիկանություն ոչ մի բանի համար, մինչև նստացույցը նրան ոչ ոք չի անհանգստացրել, հենց նստացույցը սկսեց` եկան հետևից: Ապարանից երիտասարդ ունենք, այսօր առավոտյան նրա ծնողներին են տարել ոստիկանություն: Դե բնական է՝ տանում- ճնշում են՝ ասելով` աշխատում եք, վաղը չեք աշխատի, ձեր տղային հետ կանգնեցրեք պայքարից»,- ասաց նա՝ ընդգծելով, որ երեկ նստացույցից հետո, ուշ երեկոյան մինչև մեքենա հասնելը հետևել են նաև իրեն:

Նրա խոսքով՝ պայքարի միակ միջոցը միանշանակ փողոց դուրս գալն է, այլ տարբերակ չկա. «Պետք է հավաքվենք մեկ գաղափարի շուրջ: Ես համոզվել եմ՝ պետք է 1 մլն մարդ դուրս գա փողոց, որովհետև կրակում, սպանում են: Ասում են՝ տեսեք մեզ 600 հազար մարդ է ընտրել, դուք 10 հազար մարդով դուրս եք եկել փողոց, ուզում եք հեղափոխությո՞ւն անեք: Պայքարն ուզում են խեղդել, բայց մենք խեղդվողներից չենք»,- նշեց Ավետիսյան:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *