Պաշտոն է՝ թող լինի. օրենքը կարում են իրենց «հագով»

timthumb (4)

Բարձրագույն կրթության մասին ԱԺ բերած օրենքը արդեն իսկ կարելի է անվանել սկանդալային, միայն այն պատճառով, որ կարծես թե սա այն եզակի օրենքներից է, որը մեր հայրենի երեսփոխանները չեն զլացել կարդալ: Կարդալուց էլ բազմաթիվ թերություններ են գտել և իրենց պարտքն են համարել ահազանգել կառավարությանը` թե բա պարոնայք, բա սա օրե՞նք է որ դուք հրամցրել եք ազգընտիրներիս, անհապաղ խմբագրեք:

Վերոնշյալ ազգընտիրներին մտահոգել է, որ կառավարությունը օրենքի նախագիծը մշակելիս հաշվի չի առել քաղաքացիների որոշ խմբերի շահերը: Որոշ խմբեր ասելով, նկատի ունենք հենց վերոնշյալ ազգընտիրներին, քանի որ օրենքի փոփոխության արդյունքում նրանցից շատերը կարող են կորցնել ԲՈՒՀ-ում զբաղեցրած իրենց վարչական պաշտոնները: Իհարկե, դա զուտ սիմվոլիկ պաշտոն է, սակայն գիտենք ինչպիսի ֆետիշիստական վերաբերմունք ունեն հայրենի քաղաքական գործիչները պաշտոն բառի հանդեպ: Վերջիններս մեծ սիրով ցմահ էլ կկառչեն իրենց աթոռներից՝ լինի դա դեկանի, ամբիոնի վարիչի, թե մեկ այլ պաշտոն և նույն մեծագույն սիրով էլ թույլ չեն տա, որպեսզի տեղի ունենա սերնդափոխության բնականոն գործընթացը:

ԱԺ-ում նստածներից գուցե ամենաշատը ցայտնոտի մեջ են Միքայել Մելքումյանը, Վարդևան Գրիգորյանը, Վարդան Բոստանջյանը և անգամ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Վերջիններիս պետք է, որ խիստ մտահոգած լինի օրենքում առկա այն կետը, համաձայն որի ԲՈՒՀ-ի վարչական պաշտոնների համար տարիքային ցենզ է նախատեսվում սահմանել՝ 65-70 տարեկան: Բացի այդ նրանք հնարավորություն չեն ունենա միանգամից մի քանի պաշտոն զբաղեցնել, ինչը թերևս ամենևին էլ մեր աշխատասեր պաշտոնյաների սրտով չէ: Եթե օրենքում խախտվեր ՀՀ շարքային քաղաքացու շահը, կասկած անգամ չկա՝ առանց երկար-բարակ ընթերցելու, կընդունեին առաջին իսկ ընթերցմամբ: Բայց քանի որ մեր քաղաքական գործիչները կենաց մահու կռիվ են տալիս ԱԺ-ում հայտնվելու համար միայն մեկ նպատակով՝ պաշտպանել սեփական շահերը և հետաքրքրությունները, նրանք այժմ դրանով էլ զբաղված են:

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *