Պատահականությո՞ւն, թե՞ նվեր՝ Փաշինյանին

f5899c2ad62789_5899c2ad6279d

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվել են «Սասնա Ծռերի» գործով ՊՊԾ գնդից արված հեռախոսազրույցների վերծանությունները։ Խմբի անդամներից՝ Պավլիկ Մանուկյանն իր ծանոթ-ընկերների հետ խոսելիս անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին, պահանջելով , ժողովրդին փոխանցել՝ «Նիկոլին շպրտել զիբիլի վեդրոն, տփել, լարել»:
Այս գաղտնալսումները խիստ ուշագրավ են «ծռության» արժեքային կողմնորոշումները բացահայտելու, բայց նաեւ` այսօրվա քաղաքական գործընթացների համատեքստում, որովհետեւ իրադարձությունները կարող են բերել նրան, որ «Ծռերն» ու Նիկոլ Փաշինյանը նույն հարթակում պահանջեն Սերժ Սարգսյանի հեռացումը: Շատերի կարծիքով՝ ձայնագրությունների հրապարակումը քաղաքական գործընթացների զարգացման այս փուլում մատնում է իշխանությունների ցանկությունը՝ ամեն գնով ձախողել Փաշինյանի և «Սասնա Ծռերի» համակիրների հնարավոր համագործակցությունը փողոցում: Մյուս կողմից, Հայաստանի քաղաքական կյանքում բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքական ուժերը կռվել և հաշտվել են, նույնիսկ առանց հաշտվելու համագործակցել են ընդհանուր խնդիրների լուծման համար՝ առնվազն տակտիկական մակարդակում: Մյուս կողմից՝ Փաշինյան-«Հանուն Հայաստան պետության» ճակատ համագործակցությունը քիչ հավանական է Փաշինյանի կողմից բռնությունը սկզբունքորեն մերժելու պատճառով:
Ի դեպ՝ բռնության մասին: Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է իր նախագահության տարիների ներքին մարտահրավերների մասին և ՊՊԾ գնդի գրավման հնարավոր հետևանքները համեմատել է Մարտի 1-ի հետ: Մինչդեռ հրապարակված ձայնագրությունները հուշում են՝ Մարտի 1-ը չկրկնվեց հենց Նիկոլ Փաշինյանի գործոնի շնորհիվ: Ստացվում է՝ իշխանությունները մի կողմից կանխում են ընդդիմադիր ուժերի հնարավոր կոնսոլիդացիան, մյուս կողմից՝ բավական դրական լույսի ներքո են ներկայացնում Փաշինյանի կերպարը, համենայն դեպս՝ «Սասնա Ծռերի» համակիր չհանդիսացող ընդդիմադիր զանգվածի համար: Ակնհայտ է, որ Սարգսյանի նման ակցենտավորումից՝ Փաշինյանի՝ փողոցային պայքար սկսելու հայտարարության ֆոնին ձայնագրությունների հրապարակումը պատահականություն չէ: Այլ հարց է ՝ սա իշխանությունների հերթական կի՞քսն է ի դեմս Փաշինյանին ակամայից մատուցված նվերի, թե՞ ձայնագրությունների հրապարակումը ավելի հեռուն գնացող նպատակ ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *