ՊԵԿ-ը «խփում է» օրվա հացի խնդիր ունեցող խմբերին

timthumb (1)

Համացանցում ակտիվ քննարկվում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ)՝ շրջանառության մեջ դրած գաղափարը, որն իրենից ենթադրում է Հայաստանում տրանսֆերտների հարկման մեխանիզմ  ներդնելը: Այսինքն, եթե ՀՀ քաղաքացին դրսից եկամուտ ստանա, ապա պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23%-ը որպես եկամտային հարկ վճարել պետությանը:

Ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով և քաղաքացին պետք է մտածի, որ դրսից ստացած գումարը ևս եկամուտ է և դրանից ևս ինքը պետք է հարկ վճարի:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ հարկման այս մեխանիզմն արդյունավետ չէ մեզ պես երկրում, որտեղ աղքատության մակարդակը բավականին բարձր է և առկա են սոցիալական բազմաթիվ խնդիրներ՝ չնայած նրան, որ դա աշխարում տարածված երևույթ է և ՊԵԿ-ն էլ, որոշումը շրջանառության մեջ դնելիս, առաջնորդվել է հենց այդ միջազգային փորձով:

«Այս փորձը վերցնելն ու կիրառելը ճիշտ և արդյունավետ չէ, քանի որ երկրում դեռևս առկա են վստահության և հարկեր վճարելու դժկամության խնդիրներ: Այս քայլով պետությունն ուզում է աշխատավարձից զատ՝ մյուս եկամտի միջոցներն էլ տեսնել՝ գյուղացիների գյուղմթերքից ստացված հասույթները, ինքնազբաղված մարդկանց եկամուտները, որպեսզի արտացոլեն բնակչության ողջ եկամուտն ու դա հարկեն 23%-ով»,-մանրամասնեց տնտեսագետը և հավելեց, որ դրական է համարում քաղաքացիների դժգոհությունները:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ ՊԵԿ-ի այս որոշումն առաջին հերթին «խփելու» է օրվա հացի խնդիր ունեցող խմբերին. «Սա ամեն գնով հարկային մուտքերն ապահովելն է, ՊԵԿ-ի համար միևնույնն է, թե քո եկամուտն աշխատավարձայի՞ն է, վարձավճա՞ր է, թե՞ տրանսֆերտ. պետք է եկամտիդ մի մասը հարկի տեսքով փոխանցես պետությանը. աշխատավարձի նույն տրամաբանությունն է»:

Վերջում տնտեսագետը համոզմունք հայտնեց, որ ՊԵԿ-ի այս որոշումը զգալիորեն կմեծացնի ստվերային համագործակցությունը, այսինքն՝ եթե բանկերով փոխանցումները վերահսկվում և հարկվում են, ապա գումար փոխանցողը մտերիմ-բարեկամի միջոցով գումարը կփոխանցի հասցեատիրոջը:

Արմինե Միքայելյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *