Պետական գույքի կառավարման վարչության նախկին պաշտոնյա է ձերբակալվել

timthumb (14)

Դեռևս սույն թվականի հոկտեմբերի 2-ին տեղեկացրել էինք ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից պետական գույքի կառավարման և մասնավորեցման ոլորտում իրականացված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքների մասին: Մասնավորապես պարզվել էր, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում «Անի» ԲԲ ընկերությանն ընդամենը 22.695.306 ՀՀ դրամով օտարվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված և անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված՝ Շիրակի մարզի Ամասիայի համայնքում գտնվող 1882ք/մ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, 5342ք/մ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060ք/մ թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքները, որոնք ընդհանրապես օտարման ենթակա չէին:

Որակավորում ունեցող անձանց կողմից  2018թ. սեպտեմբերի 26-ին կատարված գույքի գնահատման հաշվետվության համաձայն 22.695.305 ՀՀ դրամով օտարված գույքի շուկայական արժեքը կազմում է 244.600.000 դրամ, ինչը շուրջ տասն անգամ ավելի է ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված գնից:

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով 2018թ. դեկտեմբերի 3-ին ձերբակալվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ Ա.Մ.-ն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *