Պետք է հովվաշներ ունենան. գյուղացիներին աջակցելու համար բյուջեում հատկացված գումար չկա. Գյուղատնտեսության փոխնախարար

timthumb

Օրեր առաջ Արմավիրի մարզի Արևիկ համայնքում արտակարգ դեպք էր տեղի ունեցել. գայլը հոշոտել է գյուղի բնակիչներից մեկին պատկանող ոչխարները։ Ինչպես ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասել էր համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը, գայլը վնասել է մոտ 25 ոչխար, որոնք բոլորն էլ սատկել են: Համայնքի բնակիչ Ղուկաս Ղարիբյանը ոչխարներն ու գառները ձեռք էր բերել վարկով: Համայնքապետի տեղեկացմամբ՝ վնասի չափը մոտավոր 1,5 մլն դրամից ավել է։

 

Արևիկի գյուղապետ Գագիկ Ծատուրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր էլ Կառավարությունից զանգահարել էին տուժած գյուղացուն, վնասված կենդանիների թիվն էին ճշտում: Վնասի փոխհատուցման ժամկետների ու գումարի չափի մասով գյուղապետը դժվարացավ որևէ բան ասել:

 

«Դե, իրենք տեղյակ են, բայց այս պահին դեռ հստակ ոչ մի բան չկա: Պետք է տուժած գյուղացուց ճշտեն՝ քանի գլուխ անասուն է եղել, ինչքան է արժեցել, ըստ այդմ՝ վնասի չափը հստակ կլինի»,- հավելեց Ծատուրյանը:

 

ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց՝ պետական բյուջեում նման դեպքերի համար միջոցներ հատկացված չեն, որպեսզի իրենք էլ կարողանան վնասը փոխհատուցել: «Եթե ոչխար են պահում, իրենք գիտեն, որ պետք է ունենա հովվաշներ, որպեսզի կարողանան ոչխարներին պաշտպանեն գայլերի հարձակումից: Մենք այդ դեպքի մասին տեղյակ ենք, նմանատիպ էլի դեպքեր եղել են, պետական բյուջեում միջոցներ հատկացված չեն, որ նախարարությունը նման դեպքերում կարողանա գյուղացուն աջակցել»,- ասաց փոխնախարարը:

 

Դիտարկմանը, թե գյուղացին ոչխարները ձեռք է բերել վարկով, այդ դեպքում և՞ս նախարարությունը որևէ կերպ չի կարող օժանդակել նրան. միջնորդել բանկին, որ ժամանակավորապես սառեցնի վարկը և այլն, Հարությունյանը պատասխանեց. «Ինքը պետք է առաջինը դիմի այդ բանկին, որտեղից վարկը վերցրել է: Ինձ թվում է՝ հաշվի առնելով, որ իրենց հաճախորդն է, նորմալ հաճախորդ է, ժամանակին վճարումները կատարում է, բայց այս պահին իր կամքից անկախ՝ ունի խնդիրներ, գուցե բանկի ղեկավարությունն, առանց Կառավարության միջնորդության՝ կարողանա ընդառաջել ու կարգավորել: Եղել են դեպքեր, որ մենք դիմել ենք, ընդառաջել են ու հարցը կարգավորվել է»: 

 

Մեր հստակեցնող հարցին՝ կարո՞ղ ենք փաստել, որ այս պահի դրությամբ՝ Գյուղատնտեսության նախարարությունը որևէ քայլ չի արել տուժած գյուղացուն օժանդակելու ուղղությամբ, փոխնախարար Հարությունյանը կրկնեց քիչ առաջ ասած միտքը, որ նման դեպքերում գյուղացիներին աջակցելու համար բյուջեում հատկացված գումար չկա: «Եթե բանկի հետ կապված ինչ-որ խնդիր լինի, մենք մեր իրավասությունների շրջանակում կփորձենք օգտակար լինել»,-իր խոսքը եզրափակեց փոխնախարարը:

 

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Քրիստինա Աղալարյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *