«Պոբեդա» ավիաընկերության տոմսերը կտրուկ թանկացել են

timthumb (1)

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերից՝ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը սկսեց Գյումրի-Մոսկվա ավիատոմսերի վաճառքը, հայտարարելով՝ «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը ՀՀ քաղաքացիներին առաջարկելու է մատչելի` 10 հազար դրամից սկսած ավիատոմսեր: Սակայն կարճ ժամանակ անց, 10-անոց տոմսերի հետքն անգամ չմնաց:

ԼՈւՐԵՐ.com-ը «Պոբեդա» ավիաընկերության պաշտոնական կայքէջից պարզեց, որ թեև այն «Աէրոֆլոտ»-ի լոու-քոստերն է, այսինքն՝ էժան թռիչքներ իրականացող կամ բյուջետային ավիաընկերությունը, սակայն մյուս ավիաընկերություններից տարբերվում է ոչ միայն տոմսերի որոշակիորեն ցածր գներով, այլեւ զգալի սահմանափակումներով ու ցածրորակ սպասարկմամբ: Օրինակ, ընտանիքի անդամներով ճանապարհորդելու դեպքում՝ միմյանց կողքին նստելու համար, ստիպված են հավելյալ վճարում կատարել, իսկ թռիչքի ժամանակ ավիաընկերությունը սնունդ չի առաջարկում։

Ավիաընկերությունն առաջարկում է 3 սակագին` ստանդարտ, պլյուս և պրեմիում, որոնց դեպքում գնային քաղաքականությունը տարբեր է: Առաջիկա օրերին ընկերությունն առաջարկում է ոչ թե 10 հազար դրամանոց, այլ բավականին թանկ ավիատոմսեր. օրինակ՝ նոյեմբերի 1-ին Գյումրի-Մոսկվա չվերթի ամենաէժան սակագնով տոմսն արժե 36.121 դրամ, նոյեմբերի 3-ին՝ 32.170 դրամ, նոյեմբերի 5-ին՝ 40.072 դրամ, նոյեմբերի 6-ին 47.972 դրամ: Այսպես շարունակվում է մինչև տարեվերջ և 10.000 դրամ արժողությամբ տոմսեր՝ փաստորեն, մինչև տարեվերջ չկան:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Պոբեդա» ավիաընկերության ինֆորմացիոն գործընկեր «Քրոսսնեթ» ընկերության մամուլի խոսնակ Արմինե Ավետիսյանը նշեց, որ 10.000 դրամանոց տոմսեր հիմա էլ կան, սակայն դրանք սահմանափակ քանակությամբ են, որոնք սպառվում են միանգամից. «Եթե տոմսը ձեռք բերեն երեք ամիս առաջ, ապա կգնեն շատ մատչելի գնով տոմսեր, որոնք շատ արագ սպառվում են, իսկ եթե վերջին օրերին, ապա՝ թանկ տոմսեր: Ովքեր գիտեն այդ տոմսերի մասին, դրանք ձեռք են բերում ժամանակին և էժան գներով»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ տոմսերի բարձր արժեքներից բողոքներ ներկայացնողները հիմնականում այն մարդիկ են, ովքեր մեկ օր առաջ են պատվիրած լինում տոմսը: Ավետիսյանը, սակայն, չկարողացավ նշել, թե էժան տոմսերն ինչ քանակով են լինում, քանի որ իրենք չեն զբաղվում տոմսերի վաճառքով. «Եռամսյակը մեկ, երբ չվացուցակը իրենք կազմում են, մոնիտորինգ են անցկացնում և ըստ այդմ՝ որոշում, թե տվյալ եռամսյակի համար որքան 10.000 դրամանոց տոմս են նախատեսում: Դա իրենց ֆինանսական քաղաքականությունն է»,- ասաց «Քրոսսնեթ» ընկերության մամուլի խոսնակ Արմինե Ավետիսյանը՝ ավելացնելով, որ գների էժանացման կամ թանկացման հետ իրենք որևէ կապ չունեն:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *