«Պոլիմետալ Արմենիա»-ն որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացրել նախարարություն

timthumb (2)

Օրերս «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հայտարարություն տարածեց, որում նշում էր, որ առաջնահերթ կարևորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը՝ դադարեցնում է Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացումը։

Բնապահպանության նախարար Արծվիկ ՄինասյանիցԼՈւՐԵՐ.com-ը հետաքրքրվեց, արդոք նախարարությունը որևէ դիրքորոշում հայտնե՞լ է «Պոլիմետալ Արմենիա» ընկերության՝ վերը նշված տարածքներում հանքարդյունաբերությամբ զբաղվելու վերաբերյալ։

Հարցին ի պատասխան՝ նախարար Մինասյանը նշեց․ ««Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը մինչ օրս որևէ փաստաթուղթ չի ներկայացրել Բնապահպանության նախարարություն՝ կապված այն հարցի հետ, թե ինչ միջոցներով են իրականացնելու երկրաբանահետախուզական աշխատանքներ, ինչ նյութեր է օգտագործելու, ինչ փորձաքննություն է պատրաստվում իրականացնել։ Մենք այս պահին չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ։ Մենք ունենք ընդամենը հայտարարություն։ Սա օրենքով նախատեսված գործընթաց է, որով սահմանվում է, որ  նախապես պետք է հանրային քննարկումներ կազմակերպել, որից հետո նոր իրականացնել երկրաբանական ուսումնասիրություն»,-ասաց Մինասյանը՝ հավելելով, որ նախարարության համար ընդունելի տարբերակն այն կլինի, որ ներկայացվեն այլընտրանքային տարբերակներ, որոնք շատ ավելի ճիշտ են, քան ընդերքի օգտագործումը։

Նշենք, որ տարածած հայտարարության մեջ՝ «Պոլիմետալ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենը նշել էր, որ անընդունելի է համարում հանրային բացասական արձագանքը՝  հաշվի առնելով Լոռու և Տավուշի մարզերում արդեն տրամադրված մեկ տասնյակից ավելի ընդերքօգտագործման իրավունքների փաստը, որոնցից չորսը տրամադրվել են միայն 2017 թվականին։

Հիշեցնենք, նաև, որ մեզ հետ զրույցում Նոյեմբերյանի բնակիչ, հասարարական գործիչ Վարուժան Բաբաջանյանը հայտնել էր, որ թեև այս պահին ընկերությունը դադարեցրել է աշխատանքները, սակայն չի բացառվում, որ այն որշեն վերսկսել, ուստի նոյեմբերյանցիները չեն թուլացնում զգոնությունը և բողոքի նույն ալիքը կբարձարցնեն նաև երկրոդ փորձի ժամանակ։

Աղավնի Սուքիասյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *