Պուտին-Փաշինյան հանդիպման «փակ» օրակարգը

timthumb (8)

Ռուսական «Կոմերսանտ»-ը երեկ ծավալուն հարցազրույց է ներկայացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ըստ էության՝ ամփոփելով նրա ու Ռուսաստանի նախագահի հանդիպման արդյունքները։ Հայաստանի վարչապետը պնդել է, որ հայ-ռուսական հարաբերությունները ադապտացիոն փուլում էին՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Փաշինյանն ասել է, որ այդ փուլն այլևս անցյալում է, ու մոտ ապագայում տեղի են ունենալու իր ու Վլադիմիր Պուտինի պաշտոնական փոխայցերը։ Ոչ պակաս հետաքրքիր էր նաև Պուտինի արձագանքը: Ռուսաստանի նախագահը Հայաստանի հետ հարաբերություններն անվանել է ոչ թե գործընկերային, ոչ թե բարեկամական կամ դաշնակցային, այլ՝ սպեցիֆիկ: Սա ուշագրավ տերմին է, որն, ի դեպ, չի բացահայտում երկկողմ հարաբերությունների բովանդակությունը։ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՌԴ-ում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկելու հարցը չի քննարկել. «Մենք մասնավոր հարցեր չենք քննարկել: Այնպես որ, կարծում եմ, որ դա Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների հետագա համագործակցության հարց է»,- ասել է Փաշինյանը:
Միևնույն ժամանակ, դժվար է պատկերացնել, որ Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում Հայաստանի ներքաղաքական թեմաները և Կրեմլի համար կնճռոտ հարցերը այդպես էլ չեն քննարկվել: Ավելի հավանական է, որ այդ հարցերի քննարկումը եղել է, այսպես կոչված, «փակ օրակարգի» շրջանակներում, և վարչապետի հայտարարությունները հանդիպման ավարտից հետո խոսում են այն բանի մասին, որ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, չի ստացել անհրաժեշտ հավաստիացումները, հետևաբար, նախընտրել է չբարձրաձայնել այդ փաստը, հասկանալով, որ Մոսկվային նյարդայնացնում է վերջին շրջանում Երևանի՝ դաշնակցային հարաբերությունների «կեղտոտ սպիտակեղենը» հանրայնացնելու քաղաքականությունը:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Պուտին-Փաշինյան հանդիպման փակ օրակարգը ներառել է նաև Արցախյան հակամարտության լուծման ուղիները և, մասնավորապես՝ այսպես կոչված 5 շրջանների հարցը: Այս տեղեկությունը բավական ուշագրավ է հատկապես օրերս կայացած Պուտին-Ալիև հանդիպման համատեքստում: Ակնհայտ է, որ հանդիպումները Ալիևի և Փաշինյանի հետ, ինչպես նաև քննարկվող հարցերի շրջանակը ուղղակիորեն փոխկապակցված են: Արդյո՞ք Մոսկվան փորձում է ճշտել կողմերի տրամադրվածությունը, թե հակամարտության կարգավորման իր օրակարգն է առաջ քաշում՝ դժվար է ասել: Մի բան ակնհայտ է՝ գործընթացները ծավալվում են, թեկուզև լատենտ և փակ օրակարգով, իսկ թե որքանով են դրանք բխում Հայաստանի պետական շահերից, և որքան ժամանակ Երևանը կկարողանա դիմանալ Կրեմլի պրեսինգին՝ ցույց կտա ժամանակը…

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *