Ջերմուկն ու հարակից տարածքները մահացու ցիանիդով կթունավորեն, կհարստանան ու կհեռանան

timthumb (3)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ամուլսարի ոսկու ծրագիրը հաջողությամբ անցել է նախապարտադրական փուլում Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկացումը, որի մասին «Լիդիան» ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել։

Անդրադառնալով այս սերտիֆիկատին և ընկերության կողմից ներկայացված որակավորման չափանիշներին, երկրաբան Սարգիս Հովելյանը նշեց, որ «Լիդիան» ընկերության ներկայացրած փաստաթղթաշրջանառության մեջ չկա որևէ տող այն մասին, թե քանի տոկոս ցիանացումով է իրականացվելու ոսկու կորզումն, ինչը գերկարևոր հարց է․ «Ամուլսարում ցիանիդով ոսկու կորզումը համարում եմ աղետ այդ տարածաշրջանի համար, քանի որ դեռ անհայտ է մնում, թե ցիանիդի ինչ չափաքանակով են կորզելու ոսկին ապարներից։ Երբ ուսումնասիրում ենք «Լիդիան»-ի ներկայացրած փաստաթղթերը, բաց է մնում հարցը, թե ոսկու կորզումից հետո ինչ է արվելու այդ կուտակված վտանգավոր նյութերի ահռելի խմբաքանակը։  Այդ հսկայական ապարներից կուտակված բուրգը մնալու է։ «Լիդիան»-ը դեռևս չի տալիս նաև հարցի պատասխանը, թե ինչպես է այդ տարածքը մեկուսացնելու, ինպես է մեկուսացվելու տարալվացման տարան, որպեսզի ցիանիդը և առաջացած մյուս թունավոր նյութերը չանցնեն գրունտային ջրերի մեջ: Եթե աղտոտվեցին այդ գրունտային ջրերը, ապա մոտակա բնակավայրերը կթունավորվեն և այս ամենի պատասխանը պետք է տա միայն ու միայն ՀՀ Կառավարությունը»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երկրաբանը։

ԼՈւՐԵՐ.cօm-ը երկրաբանից հետաքրքրվեց Ամուլսարում առկա ոսկու պաշարների մասին։ Հարցին ի պատասխան՝ Հովելյանը նշեց, որ Ամուլսարում ոսկու պաշարները շատ չեն և հանքարդյունաբերության տեսակետից՝ այս սարը կարելի է համարել աղքատ․ «Ամուլսարում առկա է մոտ 300 տոննա ոսկու պաշար, իսկ արծաթինն ավելի շատ է։ Հետաքրքրական է, որ «Լիդիան» ընկերությունը չի բացում փակագծերը նաև, թե ինչ է լինելու արծաթի պաշարների հետ։ Ոսկին հանելու են, թողնեն-գնան։ Տաս տարի են ընդամենն այդ հանքը շահագործելու, որից հետո Հայաստանի իշխանություններին թողնելու են խիստ վտանգավոր և թունավոր ապարներով ժայռեր։ Մահացու ցիանիդով կթունավորեն Ջերմուկն ու հարակից տարածքները և 10 տարի անց կհեռանան»,-ասաց Հովելյանը։

Երկրաբանն անդրադարձավ նաև ցիանիդից ոսկին կորզելու համար իրականացվող տարալցման գործընթացին՝ նշելով, որ տարալցման հրապարակը գտնվում է մեկ-երկու կիլոմետրից հեռու բնակավայրերից․ «Ո՞վ է հսկելու, որ մոտակա բնակավայրերում ապրող երեխայի համար այդ թունավոր նյութերով լցված հրապարակը անհասանելի լինի։ Ի՞նչ է՝ «Լիդիան»-ն ամեն անկյունում պահակ է կանգնեցնելո՞ւ։ Ցիանիդը խիստ մահացու է մարդու կայնքի համար, էլ չեմ խոսում էկո միջավայրի և կենդանական աշխարհին հասցվող վնասների մասին»,-նշեց երկրաբանը։

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *