Ռեյտինգայինների «մահվան խումբը». Լոռին՝ թեժ պայքարի կիզակետ

timthumb (2)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ Քայլը» դաշինքը ավելի քան 10 ռեյտինգային թեկնածու կունենա Լոռու մարզում։ Առաջադրվել են կառավարության մի շարք լոռեցի անդամներ, այդ թվում նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, վարչապետի օգնականներ Արեն Մկրտչյանն ու Արփի Դավոյանը, պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալը, ինչպես նաև Լոռու մարզպետն ու փոխմարզպետը։
Ինչ վերաբերում է նախկին իշխանություններին, ապա Հանրապետականը ևս Լոռիում հայտնի դեմքեր կունենա։ Ընտրություններին կմասնակցի յոթ տարի որպես Լոռու մարզպետ պաշտոնավարած, ալավերդցի Արթուր Նալբանդյանը։ Մինչև մարզպետ նշանակվելը Նալբանդյանն իր ծննդավայր Ալավերդի քաղաքում երկու անգամ քաղաքապետ է ընտրվել։ Ընդ որում, առաջին ընտրապայքարում նրա հիմնական մրցակիցը եղել է Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով ևս ալավերդցի է և այսօր արդեն նույն կուսակցության ցուցակով Լոռու մարզում Արթուր Նալբանդյանի հետ մասնակցելու է խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային ընտրապայքարին։
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար, վանաձորցի Վահրամ Բաղդասարյանը ևս Լոռիում ռեյտինգային թեկնածու կլինի։ Նա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին Լոռիում ստացել էր 17 600 քվե։ Վահրամ Բաղդասարյանի ընտանիքը Վանաձորում հայտնի է նաև իր բիզնեսներով։ Լոռեցի հանրապետական մյուս թեկնածուն ծնունդով սպիտակցի, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանն է։ Այստեղ պայքարի մեջ կմտնի նաև ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Լոռիում «Լուսավոր Հայաստանի» ռեյտինգային ցուցակներում Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը կլինի։ Նրա հետ ընտրապայքարի դուրս կգան խմբակցության ևս 3 անդամներ՝ Արմեն Եղիազարյանը, Անահիտ Կարապետյանն ու Հրանտ Այվազյանը։ ՀՅԴ-ն Լոռիում ներկայացնում է ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: ԲՀԿ-ն նույնպես գործող պատգամավորով է փորձելու ձայներ ստանալ՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանի միջոցով: «Սասնա Ծռեր» կուսակցությունից Լոռու մարզում ռեյտինգային կարգով առաջադրված են ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Արմեն Լամբարյանը և փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Ինտրիգներից գլխավորը թերևս այն է, որքանով հանրապետականին կհաջողվի ՔՊ-ից և այլ կուսակցություններից ձայն փախցնել և որքանով այդ հարցում նախկին իշխանություններին կօգնի Լոռու մարզում ՀՀԿ հին գելերից մեկը՝ Կարեն Կարապետյանը, ով հայտարարել է նախընտրական գործընթացներում չմասնակցելու մասին, սակայն դա չի նշանակում, որ նրա գործոնը կարելի է միանշանակ բացառել: Բացի այդ՝ չի կարելի բացառել նաև Վալերի Մեջլումյանի ստվերային աջակցությունը ՀՀԿ-ին, հատկապես որ նախորդ ընտրություններում նրա դուստրը ՀՀԿ համար ռեկորդային թվով ձայներ էր ապահովել՝ առաջադրված լինելով ռեյտինգային ընտրակարգով:
Ս.Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *