Ռեսուրսային պայքարի տրամաբանության մեջ «Սասնա ծռերը» պարտվելու է

պպ

Հուլիսի 27-ը շրջադարձային դարձավ իշխանություններ-«Սասնա ծռեր» հակադրության դրամայում։ ՊՊԾ գնդի տարածքը զավթած Ժիրայիր Սէֆիլյանի կողմնակիցները հենց իրենք կանխորոշեցին իրենց գործողության անխուսափելի թվացող ձախողումը։ Հուլիսի 23-ին, երբ ազատ արձակվեցին պատանդառված ոստիկանները, հույսեր առաջացան, որ ճգնաժամը հանգուցալուծվելու է խաղաղ ճանապարհով։ Ենթադրվում էր, որ զինված խումբը վայր է դնելու զենքերը, նրա անդամները փորձելու են իրենց գաղափարները պաշտպանել դատարաններում, Երևանի փողոցներում և հրապարակներում՝ խթանելով քաղաքական շարժման զարգացումը։ Սակայն տեղի ունեցավ հակառակը։ «Սասնա ծռերը» բոլոր առումներով շեշտը դրեց ուժի ցուցադրության վրա՝ քաղաքական օրակարգ ձևակերպելու փոխարեն։

Զինված խմբի անդամները պարբերաբար փոխհրաձգության մեջ մտան ոստիկանության հետ, ինչի հետևանքով գնդի տարածք ներխուժած 31 զինյալներից պայքարը շարունակում է միայն 24-ը։ 5 զինյալ, այդ թվում խմբի ղեկավար Պավել Մանուկյանը վիրավորվել են, տեղափոխվել են հիվանդանոց, որից հետո կալանավորվել են։ Պավլիկի ձերբակալությունը շրջադարձային է լինելու գործընթացում՝ նշանավորելով զինված խմբի կազմակերպչական անկումը։ Պատահական չէ, որ Մանուկյանի վիրավորվելուց հետո երկու զինյալ հանձնվում է իրավապահներին, ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածում՝ պնդելով, որ ՊՊԾ գնդի տարածքում որոշ զինյալներ պահվում են իրենց կամքին հակառակ։

Ի դեպ, երեկ ԱԱԾ-ն ահաբեկչական է որակել զինված խմբի գործողությունները, իսկ ոստիկանությունը հարյուրավոր քաղաքացիների բերման է ենթարկել։ «Սասնա ծռերի» համակիր գործիչներից շատերը ձերբակալվել են, նրանց մեղադրանքներ են առաջադրվել։ Երեկ երեկոյան Խորենացի փողոցում նշանակված հանրահավաքը չկայացավ, մարդիկ փոքր խմբերով հավաքվեցին Ազատության հրապարակում, առանց լիդերների ու ծրագրի։ Մնում է երթ կազմակերպել Խորենացի փողոց, փոքր խմբով նստացույց նախաձեռնել։ Սրանք արդեն իներցիոն գործողություններ են, որոնք խոսում են ոչ թե շարժման զարգացման, այլ մարման մասին։

Լիդերները կալանավորված են կամ հետախուզվում են։ Զինված խմբի փոքրաթիվ համակիրներից ոմանք սուլում են Պարույր Հայրիկյանին, մյուսները պահանջում են Նիկոլ Փաշինյանին, ով ԱԺ արտահերթ նիստ պահանջելու ապարդյուն ջանքեր է գործադրում։

Ժիրայր Սէֆիլյանի կողմնակիցների «Սասնա ծռեր» օպերացիան ձախողվում է, անկախ այն հանգամանքից, թե որ օրը և ինչ եղանակով զինյալները կազատեն ՊՊԾ գունդը։ Զինված խումբը պարտվում է, որովհետև անկարող եղավ կամ չուզեց քաղաքական օրակարգ ձևավորել։ Հուլիսի 23-ին նրանք ունեին այդ հնարավորությունը, սակայն չօգտվեցին դրանից։ Երբ ընդամենը 30 հոգով սպառնում ես իշխանությանը, նրան ահաբեկելով զինված ապստամբությամբ, ապա պետք է իշխանության ահռելի ռեսուրսները փոշիացնելու ծրագիր ունենաս։ Եթե այդ ծրագիրը չկա՝ պարտված ես, որովհետև զինյալներն օր օրի մաշում են իրենց հնարավորություններն իշխանության մոբիլիզացիայի ֆոնին։ Եթե ուզում ես 50 հազար մարդ հավաքել Խորենացի փողոցում, դա պետք է անես ոչ թե բռնության գաղափարի, այլ քաղաքական օրակարգի շուրջ։ Խորենացի փողոցի հանրահավաքների կազմակերպիչները թաքնվեցին զինված խմբի թվացյալ ուժի հետևում՝ խմբի անդամներից շուտ հայտնվելով անազատության մեջ։ Այս ամենի մեջ իհարկե առանցքայինը Պավլիկի վիրավորումն ու կալանավորումն է։ Զինված խմբի մեջքը կոտրվեց, գործողության ձախողումը կանխորոշվեց։

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *